ԱՄՆ-ի Սենատի հատկացումների հանձնաժողովը ձայների 25 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Fiscal Year 2015 (FY15) արտասահմանյան օգնության օրենսդրական փաթեթը՝ այդպիսով ևս մեկ անգամ վերահաստատելով ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության երկարաժամկետ ծրագրին։
Տեղեկացնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA)։
«Հանձնաժողովն առաջարկում է նախորդ տարվա հատկացումների չափով աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտությունից տուժածներին ու հակամարտության կարգավորման հետ կապված ծախսերի համար։ Բացի այդ, Հանձնաժողովը կոչ է անում հարցին խաղաղ լուծում տալ»,-նշվում է փաթեթին կից զեկույցում։
Հայաստանի տնտեսության զարգացմանը կուղղվի 20.7 մլն, ռազմական ոլորտին՝ 1.7 մլն, իսկ միջազգային ռազմական կրթական ծրագրերի ու թրեյնինգների ոլորտին՝ 600.000 դոլար։
Այսպիսով՝ նախագահի առաջարկած գումարները թույլ են տալիս հավասարություն պահպանել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հարցում։ Իսկ ինչ վերաբերում է հարևան երկրներին արված հատկացումներին, ապա Օբաման առաջարկել է 9.6 մլն դոլարի օգնություն ցուցաբերել Ադրբեջանի տնտեսությանը, 38.2 մլն դոլար՝ Վրաստանի տնտեսական ոլորտին, ևս 10 մլն դոլար՝ վրաց զինծառայողների ռազմական կրթությանն ու թրեյնինգներին ուղղված ծրագրերի իրականացմանը։













