Ֆրանսիացի հնագետ. Ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին…

28

Այսօր Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը: Արգելեց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը` բարձր գնահատելով 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, մասնավորապես ճարտարապետ Կոնստանդին Հովհաննիսյանի վաստակը, որոնք թույլ են տվել Երևանը ներկայացնել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքում` Գ. Գյուրջյանն այնուհանդերձ նշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում կատարված հնագիտական հետազոտություններն արվել են որոշակի շտապողականությամբ, և ամրոցի ճարտարապետությանը վերաբերող շատ հարցականներ այսօր են ստանում իրենց պատասխանները:

2012թ. հունիսի 5-ից մեկնարկած հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների պատկերը մանրամասնորեն ներկայացրեց ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը, իսկ հայտնաբերված խեցեղենի վերլուծությունը` արշավախմբի անդամ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը:

Մասնագետները հատկապես շեշտեցին, որ այս տարվա պեղումները կօգնեն լուսաբանել Ուրարտուի կործանումից հետո մինչև Աքեմենյան տիրապետություն ընկած անցումնային ժամանակաշրջանը` շուրջ մեկդարյա մի ժամանակահատված, որի ըմբռնումը թույլ կտա գրել Հայաստանի պատմության այս էջը: Նրանք նաև շեշտել են, որ Իրանի տարածքում պահպանված աքեմենյան շատ հուշարձանների հետ Էրեբունիի գիտական համեմատությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ուրարտուի կործանումից հետո կյանքն ամրոցում անկասկած շարունակվել է:

Արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ, պեղումների հայկական կողմի ղեկավար Արաքսի Մեշինյանը կարևորել է պեղածո նյութերի մշակման և սահմանված կարգով արգելոց-թանգարանին հանձնման գործընթացը` նշելով, որ ներկայումս հանձնման փուլում են նախորդ տարիներին Էրեբունի ամրոցում պեղումներ իրականացրած հայ-ամերիկյան արշավախմբի նյութերերը:

Իսկ այն հարցին` թե ինչպիսի կյանք են վարել Էրեբունիի բնակիչները , ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը կեսկատակ պատասխանել է. «… Դատելով ամրոցից հայտնաբերված խեղեցենի տեսքից և որակից, կարելի է ասել, որ ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր»: