Ֆրանսիան չընդունվեց ցեղասպանությունը ժխտելու պատժի օրինագիծը

9

Ֆրանսիայի Սենատը մերժեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։

Քվեարկությունից առաջ Սենատի սահմանադրական հանձնաժողովը բացասական դիրքորոշում է հայտնել օրինագծի վերաբերյալ եւ առաջարկել է այն հանել քվեարկությունից։

Բուռն քննարկումներից հետո առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 196 կողմ, 74 դեմ:

Քվեարկությունից հետո Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Սենատի շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել:

«Սահմանադրական հանձնաժողովը առանց խորքային քննարկման հայտարարել էր, որ Ազգային ժողովի կողմից վավերացված այս օրենքը, որ պետք է ստանար նաեւ Ծերակույտի (Սենատի) վավերացումը, որպեսզի Ֆրանսիայի տարածքում Սահմանադրական խորհրդի կողմից ճանաչվեր իբրեւ օրենք, դատաիրավական համակարգի մեջ ցեղասպանության ժխտողականության դեմ օրենքի հասկացությունը տեղ չունի իրավական առումով, եւ պետք է փնտրել այդ իրավական հասկացողությունը, գտնել այդ իրավական հասկացողությունը, եւ միայն դրա վրա հիմնվելով պետք է դնել նման հարց Ծերակույտում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Նա հիասթափեցնող որակեց նման դիրքորոշումը` ընդգծելով. – «Հստակ է, որ ֆրանսիական Ծերակույտը թուրքական ճնշման տակ տեղի է տվել եւ պարզապես պատճառաբանություններ էր փնտրում այս իմաստով եւ գտավ այդ պատճառաբանությունը: Այլապես ինչո՞վ բացատրել, որ երկպալատանի այս խորհրդարանի առաջին պալատը` Ազգային ժողովը քվեարկել է եւ օրենքի ուժ է տվել նման օրենքի»:

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն: Փաստաթուղթը սահմանում է, որ հայերի զանգվածային սպանդի ժխտումը պատժվում է 1 տարվա ազատազրկմամբ եւ 45 հազար եվրո տուգանքով:

Այդուհանդերձ, օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը մինչ այժմ սպասում է Սենատի կողմից վավերացմանը:

Անցած տարեվերջին, հիմնվելով WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթի վրա, ֆրանսիական Le Monde հեղինակավոր օրաթերթը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որը ֆրանսահայ համայնքին շռայլ խոստումներ էր տվել 2007 թվականի ընտրապայքարի ժամանակ` այդ օրինագծի վավերացմանը նեցուկ լինելու վերաբերյալ, նախագահ ընտրվելուց մեկ ամիս անց Անկարա այցելած իր խորհրդականի միջոցով երաշխավորել է Թուրքիայի իշխանություններին, որ ինքն անելու է ամեն ինչ` այդ օրինագիծը Սենատում խափանելու համար:

Այս բացահայտումը բուռն հակազդեցություններ էր առաջացրել շուրջ կեսմիլիոնանոց ֆրանսահայ համայնքում, որի ձայնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ 2012 թվականին Ֆրանսիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին օրերս ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե չի խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման պատժումը սահմանող օրինագծի քվեարկությանը:

Տարիներ շարունակ լուսանցքում մնացած փաստաթուղթը այս տարի օրակարգ մտցրին Սարկոզիի ընդդիմախոսները` Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները: Այդուամենայնիվ, ինչպես հաղորդեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը, հայանպաստ օրենքի վերաբերյալ միահամուռ դիրքորոշում չի եղել ո’չ իշխող եւ ո’չ էլ ընդդիմադիր կուսակցությունների շրջանում:

«Քաղաքական ուժերի հստակ բլոկի հասկացողություն չկար, կային ընկերվարական եւ ընդհանրապես ձախակողմյան ծերակուտականներ, որոնք կողմ արտահայտվեցին [օրինագծին], իսկ կային նաեւ ձախակողմյաններ, որոնք դեմ արտահայտվեցին: Նույնն էր պարագան իշխող աջակողմյան կուսակցության մեջ, ուր կար իշխող կուսակցության անդամ ծերակուտական, որ կողմ արտահայտվեց, իսկ մեծամասնությունը արտահայտվեց դեմ», – փոխանցեց Հրաչ Վարժապետյանը:

Մի քանի ժամ շարունակված ելույթների ընթացքում, ըստ Վարժապետյանի, օրինագծին դեմ արտահայտվողները հիմնականում երկու փաստարկ են ներկայացրել. առաջին` որ այն կխոչընդոտի հայ – թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եւ երկրորդ` որ այսօրինակ հարցերի քննարկումը անհրաժեշտ է թողնել պատմաբաններին:

«Պատճառաբանություն եւ ոչ` հիմնավորում, որովհետեւ իրապես խորք չունեին տրված պատճառաբանությունները», – ընդգծեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը:

Հայ համայնքի արձագանքի եւ հետագա քայլերի առնչությամբ Հրաչ Վարժապետյանը ասաց. – «Հայկական համայնքը այս պահին բողոքի մեծ ելույթով է հանդես գալիս Ծերակույտի առջեւ, եւ համայնքի պատասխանատուները եւ ընդհանրապես ժողովուրդը բացականչում են հետեւյալը` մեկ տարի կա Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, որին պետք է հաջորդեն խորհրդարանական ընտրությունները, եւ այն ժամանակ կնայենք քվեարկության պատկերին: Որովհետեւ այսօր ներկա 290 ծերակուտականների դիրքորոշումը հստակ է` ով էր դեմ եւ ով էր կողմ, եւ դրա հիման վրա հայ համայնքի քվեն Ֆրանսիայի տարածքում առաջիկա մեկ տարվա մեջ, եթե կարողանա կազմակերպվել եւ բլոկի վերածվել, արդեն իսկ մեծ նշանակություն ունի, եւ այս պահին այդ ձեւավորումն է, ինչպես ես եմ տեսնում, տեղի ունենում այս հրապարակում»:

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ով հայանպաստ օրինագծի քննարկման ողջ ընթացքում գտնվում էր Սենատի շենքում, քվեարկությունից հետո հայտարարել է. – «Կարծում եմ` սա սխալ է»: «Քաղաքական սխալ չէ, մարդկային սխալ է», – ընդգծել է Ազնավուրը: Աղբյուրը` azatutyun.am