Փորձագետների կարծիքով հայկական ԱԷԿ-ն անվտանգ է

8

Մեդիամաքսին տրված հարցազրույցի ժամանակ Engineering Planning and Management ամերիկյան ընկերության տնօրեն Ռոբերտ Քալանթարին կարծում է, որ Մեծամորի ԱԷԿ-ի խնդիրը «ուռճացված է»:

«Հայկական ԱԷԿ-ը, ինչպես եւ գործող մյուս ԱԷԿ-ները, համապատասխանում է անվտանգության խիստ չափանիշներին»,- ասել է Ռոբերտ Քալանթարը:

Ճապոնական «Ֆոկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո ակտիվ խոսակցություններ են սկսվել Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության մասին: Ատոմակայանի վրա զանգվածային տեղեկատվական «հարձակումներ» են սկսել Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք պնդում են, որ կայանը մեծ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:

Engineering Planning and Management-ի տնօրենը նշել է նաեւ, որ Մեծամորի ԱԷԿ-ում իրականացվել են անվտանգության բարձրացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, եւ կայանը պարբերաբար ստուգվում է ՄԱԳԱՏԷ-ի, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

«Մեծամորի ԱԷԿ-ում տեղադրված ВВЭР-440/270 տեսակի ռեակտորը հարմարեցված է հատուկ սեյսմիկ պայմաններին: Բացի այդ, 90-ական թվականներին ԱԷԿ-ի վերագործարկումից հետո կատարվել է կայանի անվտանգության համակարգի լրացուցիչ սեյսմիկ արդիականացում: Այսպիսով, Հայկական ԱԷԿ-ը կարող է հաղթահարել սեյսմիկ ալիքները, որոնք կարող են լինել տարածաշրջանում»,- ասել է Ռոբերտ Քալանթարին Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

Նշելով, որ ԱՄՆ-ում ԱԷԿ-ների մեծ մասն ունի 2 վթարային դիզելային գեներատոր, իսկ որոշները` 3, Ռոբերտ Քալանթարին հիշեցրել է, որ Մեծամորն ունի 5 վթարային դիզելային գեներատոր, ինչը թույլ է տալիս զգալիորեն կրճատել հնարավոր ռիսկերը:

ՄԱԳԱՏԷ-ի մամուլի քարտուղար Ջովանի Վերլինին Մեդիամաքսի հետ հարցազրույցում օրերս հայտնել էր, որ շուտով Հայկական ԱԷԿ կայցելի OSART (Operational Safety Review Team) առաքելությունը, որն իրենից ներկայացնում է փորձագետների միջազգային թիմ, ովքեր կատարում են ատոմային կայանների անվտանգության գործառնական բնութագրերի խորացված վերլուծություն:

2009թ. ընդունվել է «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքը, եւ սպասվում է, որ այդ ծրագրի իրականացումը կմեկնարկի հաջորդ տարի:

Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը կարծում է, որ Հայաստանին եւ Ճապոնիային մերձեցնում է մի շատ ակնհայտ գործոն` գերբարձր սեյսմիկ վտանգը:

«Հայաստանը, ինչպես եւ Ճապոնիան, գտնվում են այնպիսի գոտիներում, որտեղ հնարավոր են ուժեղ երկրաշարժեր, եւ մենք հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ Սպիտակում 1988 թվականին: Այդ համատեքստում ես կարծում եմ, որ «Ֆոկուսիմայի» դեպքերը խստագույն հարված կհասցնեն Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրերին»,- ռուսաստանյան փորձագետն ասել է Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

Կոնստանտին Սիմոնովի կարծիքով, ատոմային էներգետիկան վտանգավոր սեյսմիկ շրջաններում զարգացնելը չափազանց վտանգավոր է եւ հղի է բավականին լուրջ հետեւանքներով:

«Հարց է առաջանում. հարկավո՞ր է արդյոք դա անել: Հատկապես Հայաստանի պայմաններում, որտեղ, ըստ էության, գոյություն ունեն էներգետիկայի գործունեության տարբերակներ առանց ատոմային արտադրության մեծ մասնաբաժնի: Ինչո՞ւ նման համառությամբ փորձել զարգացնել ատոմային ծրագրերը, երբ գոյություն ունեն ավելի պակաս ռիսկային տարբերակներ, ինչպիսիք են հիդրոէներգետիկան եւ գազաէներգետիկան»,- ասել է Կոնստանտին Սիմոնովը:

Իսկ ԱՄՆ-ի Ատոմային էներգիայի ինստիտուտի ներկայացուցիչ Թոմ Քաուֆմանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է, որ չնայած «Ֆոկուսիմայի» միջադեպին, աշխարհում շարունակվում է 65 նոր ԱԷԿ-ի շինարարությունը: «Ատոմային էներգիան էլեկտրաէներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուր է, որը մատակարարում է ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի 20%-ը եւ աշխարհի՝ 15%-ը: «Ֆոկուսիմայի» դեպքերից քաղած դասերը կօգտագործվեն գոյություն ունեցող եւ ծրագրվող ԱԷԿ-ների անվտանգության բարձրացման նպատակով»,- ասել է Թոմ Քաուֆմանը:

Նրա հետ համամիտ է նաեւ Ռոբերտ Քալանթարին, ով եւս չի կիսում այն կարծիքը, որ աշխարհը կհրաժարվի ատոմային էներգետիկայից:

«Ատոմային էներգիան էլեկտրաէներգիայի աշխարհի պահանջարկի բավարարման կարեւորագույն աղբյուրն է: Ճապոնիայի իրադարձությունները կարող են ժամանակավորապես ազդել հասարակական կարծիքի վրա եւ, հնարավոր է, նոր կայաններ կառուցելու որոշ կառավարությունների կարծիքի վրա: Սակայն ես կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում ատոմային էներգիայի նկատմամբ վստահությունը չի անհետանա, եւ երկրների մեծ մասը կշարունակի նոր կայաններ կառուցելու ծրագրերը»,- ասել է նա Մեդիամաքսի հետ հարցազրույցում: