Փոխհատուցման գումարները յուրացվել են

15

Դատավոր Քրիստինա Շնայդերը ֆրանսիական Axa S.A.-ի եւ ցեղասպանության զոհերի իրավահաջորդների դատական գործի փաստաբաններ Մարկ Կիրակոսին (Law Offices of Geragos & Geragos) եւ Բրայան Քաթաբեկին (Kabateck Brown Kellner) հանձնարարել է ներկայացնել հայցվորների ցուցակը եւ 17.5 միլիոն դոլար ընդհանուր գումարով փոխհատուցման վճարումների հետ կապված բանկային հաշվետվությունները: Դատավորը պահանջել է նաեւ այս գումարը հայցվորների միջեւ բաշխելու վերաբերյալ օրդերը եւ պատվիրել է գործի հետ կապված որեւէ փաստափուղթ չոչնչացնել: Տեղեկացնում է Law.com–ը:

Հիշեցնենք, որ այս գումարից 11 միլիոն 350 հազարը տրվելու էր ժառանգորդներին, իսկ մնացած գումարը նախատեսված էր բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար:

Axa ապահովագրական ընկերությունը 3 միլիոն դոլար էր հատկացրել հայկական հարցով զբաղվող ընկերությունների եւ բարեգործական ընկերությունների համար: 2010 թ. սկզբին ավելի քան 8.5 միլիոն դոլարի վճարումներ են կատարվել, 2.9 միլիոնը դեռ պետք է բաժանվի: Կիրակոսն ու Քաթաբեկն այս նպատակով ներկայացրել էին բարեգործական ընկերությունների իրենց ցուցակը, իսկ Եղիայանն առանձին ցուցակ էր ներկայացրել: Դատավոր Շնայդերը Կիրակոսին եւ Քաթաբեկին հատկացրել էր 1.9 միլիոն դոլար, իսկ Եղիայանին 952,000 դոլար: Գումարները փոխանցվել են տարբեր հաշիվների:

Դատավորի որոշմանը նախորդել էր Վարդգես Եղիայանի հայտնած մտահոգությունը Axa-ի փոխհատուցման գումարների բաշխման վերաբերյալ: Իրենց հերթին Մարկ Կիրակոսը եւ Բրայան Քաթաբեկը մտահոգություն են հայտնել այն բարեգործական կազմակերպության վերաբերյալ, որը Եղիայանի ցուցումով պետք է ստանար Axa ընկերության վճարած գումարներից մի որոշակի մաս: Արդյունքում, նրանք հայց են ներկայացրել մարտի 11-ին, պնդելով որ Եղիայանը հիմնել է Conservatoire de la Memoire Armenienne (Հայոց հիշատակի պահպանման կենտրոն) կազմակերպությունը, նպատակ ունենալով գրպանել1 միլիոն դոլար, եւ Center for Armenian Remembrance (Հայոց հիշատակի կենտրոն) կազմակերպությունը` Նյու Յորք Լայֆ Ինշուրանս ընկերության դեմ հայցից ստացված գումարը ստանալու նպատակով:

Իսկ ապրիլի 27-ին Եղիայանը Axa-յի գործով արտակարգ դատական նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացրել, պնդելով, որ Կիրակոսն ու Քաթաբեկն անտեսել են գումարի վճարման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու փոխհատուցման խորհրդի անդամների պահանջը: Ապրիլի 28-ին խորհրդի երեք անդամներ Ֆրանսիայից ժամանել են Լոս Անջելես: Նրանք հրաժարվել են կոնկրետ մեկնաբանություններից, տեղեկանում ենք www.law.com կայքում հրապարակված հոդվածից:
Աղբյուրը` lragir.am