Վերին Լարսի սահմանափակումները հանվում են

16

Մայիսի 7-ից վրաց-ռուսական Կազբեկի-Վերին Լարս մաքսային կետը հատող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության նկատմամբ հանվում են բոլոր սահմանափակումները` կապված բեռնատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների չափերի և ուղևորատարողունակության հետ: Այս մասին տեղեկացնում են կապի և տրանսպորտի լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ և կիսակցորդներով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել և թույլատրված էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Մաքսային կետն աշխատելու է պարբերաբար փոխվող միակողմանի երթևեկությամբ` կախված Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության մաքսակետերում տրանսպորտային միջոցների գոյացած քանակից: Այս տեղեկատվությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել է Վրաստանի ճանապարհային ոստիկանությունը: