Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է ահաբեկել կամ խաբել, շանտաժի ենթարկել:

15

«Հայոց պետականության վերականգնումը տոն է, բայց առաջին հերթին պատասխանատվություն»,- Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ շեշտեց նախագահ Սերժ Սարգսյանը: «Երկրի մի մեծ հատված աղետի գոտի էր և մենք էլ կանգնած էինք պատերազմի շեմին: Բայց մենք քվեաթերթիկները տվեցինք երեխաների ձեռքը և ասացինք` այո’,Մենք պատրաստ ենք ազգովի սխրանք գործելու: Եվ գործեցինք, ովքեր 90-ականների սկզբներին չեն եղել Հայաստանում և դիտում են վավերագրական կադրեր չեն հավատում , որ դա եղել է, Երևանի փողոցներն ուրիշ էին, էլ չասեմ սահմանների մասին»:

Նախագահը դիմելով զորահանդեսի մասնակիցներին նշեց` «Հայոց պետականության վերականգնումը տոն է, մեծ երազանքի իրականացում, բայց առաջին հերթին պատասխանատվություն, քանի որ այլևս մենք էինք պատասխանատու մեր տնտեսության, մշակույթի, ներկայի ու ապագայի համար»:

«Կեցցե Հայաստանի ժողովուրդը, որ անցավ հրի ու սրի միջով, անցավ գալիք Հայաստանի նկատմամբ անսահման հավատով, միասնական կեցվածքով ու պատվախնդիր կյանքով: Կեցցե ազատ Արցախը, որ նաև իր զավակների արյամբ գրեց մեր նորագույն պատմության ամենափառավոր էջը: Կեցցեն հայ կամավորները, որոնցից շատերը ճակատագրական պահին մեր արժանապատվությունը մարմնավորող կերպարներ էին: Կեցցե Հայոց Սփյուռքը, եթե առաջ հայրենիքի կողքին էր, ապա այսօր հայրինիքի շարունակությունն է: Այսօր Հայաստանը կայացած երկիր է : Իսկ ամենաթանկը, որ ունենք անկախության սերունդն է, Սերունդ, որ անկախության երկրի քաղաքացի է»:

«Երկու տասնամյակում մեզ հաջողվեց թռիչք արձանագրել, բայց շատ բան դեռ չենք հասցրել անել` և ձեռքբերումները, և բացթողումները մերն են: Այս գիտակցությամբ ու հասարակական համերաշխությամբ հաջորդ քսան տարիներին մենք ի զորու ենք կառուցելու այնպիսի երկիր, որ մոտ է լինելու մեր իդեալներին: Եվ ես հավատում եմ նրան, որովհետև հավատում եմ մեր հավաքական ուժին: Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է ահաբեկել կամ խաբել, շանտաժի ենթարկել: Նա կարող է միայն օրինակ ծառայել և օրինակ վերցնել: Սա նոր Հայաստանն է, որ հիշում է շատ բան , բայց հիշաչար չէ :Մեր պետությանը մաղթում եմ նորանոր քսանամյակներ ու հաղթանակներ: Փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք Հայաստանի Զինված ուժերին»,- եզրափակեց նախագահը: