Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Էշթոնի հետ

9

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն է մեկնել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հանրապետության նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաև մեր երկրի բարեփոխումներին աջակցելու ձևաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատելով Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ընդգծել է որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մեր երկրի մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի փոխայցելությունները: Անդրադարձ է եղել ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին: Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը նշել է, որ կարևոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեև կայացած խորհրդարանական ընտրությունները, տիկին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:

Վաղը՝ հունիսի 28-ին, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: