Պետբյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիսին 11.1 մլրդ դրամ

10

2012 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 505.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 516.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 76.6% ով և 72.4%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը, տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաղորդագրության համաձայն՝ բյուջեի դեֆիցիտը նշված ժամանակահատվածում կազմել է 11.1 մլրդ դրամ։

Չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները:

Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 13.7 մլրդ դրամ կամ ինն ամիսների համար նախատեսված մուտքերի 75.1%-ը, իսկ ծախսերը` 10.5 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 51.1%-ը:

Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 491.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 506.2 մլրդ դրամ` ապահովելով իննամսյա ծրագրի համապատասխանաբար 76.7% և 73.1% կատարողական:

Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 54.4%-ով, ծախսերի գծով` 53%-ով:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};