Պատերազմից խուսափելով՝ չես փախչի պատերազմից

6

Մարտի 18-ին Սերժ Սարգսյանը որոշ լրատվամիջոցների հետ անցկացրեց մամլո ասուլիս և այն, որ հաջորդ օրը հեռուստատեսության բոլոր ալիքներով մի քանի անգամ հեռարձակվեց նրա ամբողջական հիմնականում մենազրույցը, կարելի է վստահորեն պնդել, որ Սերժ Սարգսյանը ինչպես ՀՀ-ի և ԼՂՀ-ի բնակչությանը, այնպես էլ միջազգային հանրությանը ներկայացնում էր այն քաղաքականությունը և գործելաոճը, որն ինքը մտադիր է իրականացնել 5 տարիների ընթացքում:Մենք առանձին կանդրադառնանք նրա կատարած բազմաթիվ հայտարարություններին, սակայն այժմ ցանկանում ենք առանձնացնել երկու կարևոր հայտարարություններ:

Առաջինը վերաբերվում է նրա վերաբերմունքին երկրում գործող պետական իշխանավորների վարած քաղաքականությանը և գործելաոճին: Նա ընդունեց, որ Հայաստանի Հանրապետությունում նախագահը, այսինքն՝ ինքը, ունի անսահմանափակ իշխանություն, և որևէ պաշտոնյա ոչ միայն չի կարող գործել, այլև չի կարող հայտարարել որևէ բան, որը չի համապատասխանում իր տեսակետին: Սրանից անմիջապես բխում է, որ երկրում տիրող կոռումպցիան, չինովնիկների կողմից իրականացվող անօրինականությունները, պաշտոնյաների ազգականների ու երեխաների վայրագ, բարբարոս պահվածքը, եթե չեն հրահրվում էլ նախագահի կողմից, գոնե ստանում են նրա հովանավորչությունը: Այս տեսանկյունից ՀՀ-ի քաղաքացիները պետք է նայեն այն բոլոր դեպքերին, որոնք տեղի կունենան նախագահի վերջնական պաշտոնը ստանձնելուց հետո:

Երկրորդ կարևորագույն խնդիրը ՀՀ-ի, ԼՂՀ-ի և ողջ հայությանը գլխավորապես հուզող հարցն է, ի՞նչ պետք է լինի արցախահայության ճակատագիրը, և արդյո՞ք ՀՀ-ի իշխանությունները պատրաստվո՞ւմ են ակտիվ քայլեր ձեռնարկել՝ հայտարարելով ԼՂ-ն Հայաստանի անբաժանելի մաս կամ գոնե անկախ հայկական երկրորդ պետություն: Սերժ Սարգսյանը միանշանակ հայտարարեց, որ իրենք չեն ճանաչելու Լեռնային Ղարաբաղը որպես անկախ հայկական երկրորդ պետություն և հայտարարեց, որ ճանաչումը կբերի նրան, որ աշխարհը մեզ պատերազմ կհայտարարի: Նրա այս խոսքերը շատ նման էին Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որը նա արեց, երբ պայքարում էր առաջին անգամ նախագահ ընտրվելու համար: Տեր-Պետրոսյանը բացահայտ հայտարարեց, որ «Հայաստանը ոչինչ չի կարող անել և կունենա այնքան տարածք, ինչքան թույլ կտան միջազգային ուժերը»: Տեր-Պետրոսյանի պարագայում՝ այս հայտարարությունը հասկանալի էր, նա այն անձնավորությունն էր, որ խոչընդոտում էր Խոջալուի, Շուշիի և մյուս հայկական հողերի ազատագրմանը, իսկ Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարում, որ ակտիվորեն մասնակցել է ռազմական գործողություններին և մյուս հայորդիների հետ տարել է պայքարի ծանրությունը և թափել իր սրբազան արյունը:
Երբ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանին պարտադրվեց կնքել ժամանակավոր զինադադար, պայմանագրի կնքման ներկայացուցիչներ Վազգեն Սարգսյանը և Սամվել Բաբայանը, հարցրել են. «Արդյո՞ք ռազմական գործողություններն ավարտվելուց հետո Ռուսաստանն ու միջազգային ուժերը չեն ստիպելու Հայաստանին գնալու զիջման»: Որին մարշալ Պավել Գրաչովը, ով ներկայացնում էր Ռուսաստանը, հայտարարել էր. «Միայն այն, որ հայկական զորքերը կանգնեցնում են իրենց առաջխաղացումը, արդեն մեծ զիջում է հակառակորդի համար»: Դրանից հետո մեր իշխանությունների պասիվ, հարմարվող դիվանագիտությունը ու դրան հակառակ՝ Ադրբեջանի ավելի ու ավելի լկտիացող պահվածքը հանգեցրել են նրան, որ Հայաստանը համաձայնվում է վերադարձնել ազատագրված տարածքները, հետ ընդունել Արցախից հեռացած ու տարբեր քաղաքներում հայկական ջարդեր կազմակերպած թուրքերին, դրան հակառակ՝ օր օրի աճում են ադրբեջանցիների պահանջները, որոնք գիտեն, ունենալով հիմքեր, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, և պատերազմն անխուսափելի է: Հայաստանի քայքայվող տնտեսությունը, բարոյական անկումը, որի հետևանքով նաև բնակչության ակտիվ արտահոսքը ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունների հաշվարկներն ավելի ճիշտ են, քան նախկին և այժմյան հայ ղեկավարների բարդ հաշվարկները: Մենք կուզենայինք, որ պրն Սերժ Սարգսյանը և նրա շրջապատը, լավ հիշեին հին և բազմիցս հաստատված ասույթը. «Խուսափո՞ւմ ես պատերազմից, սպասի՛ր պատերազմի»: Սարգսյանի՝ Արցախի մասին վերջին հայտարարությունը կոչ էր Մինսկի Խմբին, որ Հայաստանը պատրաստ է էլ ավելի մեծ զիջումների, որը կունենա իր դառը հետևանքները, երբ Մինսկի խումբը շուտով կսկսի ավելի մեծ ճնշումները Հայաստանի նկատմամբ, գուցե պատճառաբանելով Հայստանի ներքին ոչ կայուն դրությունը:

Սերժ Սարգսյանը Արցախի մասին իր մտքերը արտահայտելիս նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով իր նախընտրական ծրագրում հայտարարել էր, որ ինքը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սարգսյանը, ուղղելով իր վերջնական եզրակացությունը Րաֆֆի Հովհաննիսյանին, նշեց, որ ոչ միայն նրանք, ովքեր պահանջում են ԼՂ անկախությունը, այլ անգամ մտածում են դրա մասին, հայրենիքի դավաճաններ են: Մեզ համար անհայտ էր, թե ինչպես է պատկերացնում Րաֆֆի Հովհաննիսյանը Արցախի ինքնորոշման ճանաչումը, և ինչ մեխանիզմներ է մշակել այդ քայլն իրականացնելուց հետո բացասական երևույթները վերացնելու համար: Այս բոլոր հարցերի պատասխան ստանալու համար մենք այսօր՝ Մարտի 20-ին, գնացինք Ազատության հրապարակ՝ հույս ունենալով հարցազրույց վերցնել նրանից: Նրա նազիր վեզիրը (Արմեն Մարտիրոսյանը) հայտարարեց, որ Հովհաննիսյանը լավ է, սակայն հոգնած է և «դեռ 7 օր էլ կա, որ քունն առնի»:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};