Նախագահը մեկնում է Մոսկվա

8

Դեկտեմբերի 19-ին նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա:

Առաջիկա օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելու են հետխորհրդային տարածքի երկրների ղեկավարների 4 հանդիպումներ։

Նախ, Կրեմլում անցնելու է Եվրասիական տնտեսական միության նախագահների հավաքը։ Այս նորաստեղծ միության կազմում են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը։

Բացի այդ, Կրեմլում տեղի են ունենալու են նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրազԷՍ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ ԱՊՀ-ի գագաթնաժողովները։

Այս տարի ԱՊՀ-ն նշում է իր 20-ամյա հոբելյանը։ Կրեմլում այս առիթով նախատեսված են տոնական միջոցառումներ։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի փոխանցմամբ` առաջինը Մեդվեդեւը հանդիպելու է Եվրասիական միության անդամ երկրների ղեկավարներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Այնուհետեւ տեղի կունենա ԵվրազԷՍ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը։ ԵվրազԷՍ-ում Հայաստանը ունի դիտորդի կարգավիճակ, եւ Սերժ Սարգսյանը այս հանդիպմանը մասնակցելու է։

Երեկոյան Կրեմլում Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը ընդունելություն է կազմակերպում ԱՊՀ-ի 20-ամյա հոբելյանի առիթով։ Հրավիրված են ԱՊՀ-ի բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։

Խորհրդային Միության նախկին բոլոր հանրապետությունները` բացառությամբ մերձբալթյան երեք երկրների եւ Վրաստանի, ընդգրկված են ԱՊՀ-ի կազմում։

Իսկ երեքշաբթի օրը արդեն հավաքվելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։

Նախատեսված են նաեւ մամլո ասուլիսներ։

Ընդհանուր առմամբ, ինչպես Ռուսաստանի նախագահի օգնականն է ասել, նախատեսված է այս երկու օրերին քննարկել 50-ից ավելի հարց