Մայրենին ջավախահայերի համար լուրջ խնդիր է

17

«Ազատ Ձայն» լրատվականի հյուրասրահում այսօր արծարծվելու է հրատապ խնդիր` ընդ որում մի քանի առումներով: Ջավախքում ապրող հայի առօրեայից մինչ Հայաստան-Վրաստան հարաբերություններ: Մեր հյուրն է “Ախալցխայի Վերածնունդ” կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյան:

-Պրն Այվազյան, բազմիցս է խոսվում ջավախահայերի խնդիրների մասին, կխնդրեմ Դուք` որպես ամենաշատը մոտ կանգնած նրանց, և ամենաշատը տեղյակ նրանց խնդիրներից` թվարկեք դրանք:

-Ջավախքում խնդիրները բազմաթիվ են, սակայն միշտ չէ, որ դրանք ճիշտ են ներկայացվում հայաստանյան մամուլում տարբեր մարդկանց կողմից: Խնդիրների մասին այսօր, ցավոք, խոսում են այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այդ խնդիրները լուծելու, իսկ ովքեր ունեն` բացարձակապես չեն խոսում: Բնակվելով Ջավախքում` հայերի հետ կապված մի քանի խնդիր եմ տեսնում: Առաջինը դա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն է: Երկրորդը` ոչ պակաս կարեւոր, մեր եկեղեցիների վիճելի մնալու խնդիրն է, որը դեռեւս չի հաջողվել լուծել ոչ մեկին: Կան խոչընդոտներ հասարակական կազմակերպություններ գրանցելու կամ նույնիսկ վերագրանցելու գործում, որին անձամբ ինքս եմ բախվել եւ լսել նմանատիպ բազմաթիվ դեպքեր: Հայկական դպրոցների հետ կապված խնդիրներ եւս կան, որոնք իմ կարծիքով շատ մտահոգիչ են: Լեզվի խնդիրը հրատապ է դարձել Ջավախքում: Մի ժամանակ վրացական սահմանից հայատառ մամուլ ու գրքեր տեղափոխելու խնդիրներ կային, սակայն հիմա տվյալ խնդիրների մասին տեղեկություն չունեմ, երեւի ամեն ինչ փոխվեց դեպի լավը: Բազմաթիվ խնդիրներ կան, սակայն նույնիսկ տվյալ խնդիրների առկայության դեպքում, որոնք երկար ժամանակ է չեն լուծվել, այնուամենայնիվ լավատես եմ եւ համոզված, որ եւրոինտեգրման ճանապարհը վստահորեն բռնած Վրաստանը օրից-օր ընթանում է առաջ եւ վերջապես կլուծի փոքրամասնությունների հետ կապված բոլոր առկա խնդիրները, քանզի այլ ուղի տանող դեպի եվրոպական ընտանիք, ինչին այդքան ձգտում է Վրաստանը, գոյություն չունի:

-Ի՞նչ եք կարծում, որ դեպքում է հնարավոր լուծել Ջավախքում ապրող մարդկանց հուզող հարցերը:

-Իմ կարծիքով հարցերի լուծման լավագույն տարբերակը դա Հայաստան-Վրաստան ներկայիս սերտ կապերի առկայությունն է, որի շրջանակներում հայկական կողմը պետք է բարձրաձայնի ջավախկահայերի խնդիրների մասին եւ օգնի Վրաստանին լուծելու դրանք: Մեր ժողովուրդը երկու երկրների միջեւ ցանկացած բարձր մակարդակի հանդիպումից միայն դրա սպասելիքն ունի: Մի քանի օր առաջ Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հիանալի պայմանագիր ստորագրվեց, ինչի շնորհիվ երկու երկրների սահմանները դառնալու են հեշտ անցանելի, ինչպես Եվրոպական մի շարք երկրներում: Նաեւ պայմանավորվածության շրջանակներում կառուցվելու է նոր ժամանակակից ճանապարհ, որը կապելու է Հայաստանը Աջարիայի հետ, ինչը անցնելու է Ջավախքի միջով: Դա հիանալի ձեռքբերում է երկու երկրների համար եւ իր հերթին բնականաբար նպաստելու է ինչ որ չափով ջավախքահայերի խնդիրների լուծմանը: Հայաստանից բացի նաեւ սփյուռքը իր հզոր ներուժով պետք է անմասն չմնա ջավախքահայերի խնդիրների լուծման գործում: Կարծում եմ` սփյուռքի հզոր լոբբիստական կազմակերպությունները օգտակար կարող են լինել Վրաստանին տարբեր հարցերի լուծման եւ դիրքերի ամրապնդման գործում, ինչի արդյունքում Վրաստանն էլ իր հերթին պարտավորվելու է օգնել ջավախքահայերի խնդիրների լուծմանը: Մի խոսքով խնդիրների լուծման համար պետք է փոխշահավետ համագործակցություն ցանկացած ասպարեզում:

-Վրաստանի հայ փոքրամասնությունը դպրոցներում ո՞ր լեզվով է հաղորդակցում:

-Ներկայումս հայկական դպրոցներում հաղորդակցվում են միայն հայերենով, սակայն շուտով խոսք կա, որ դասերի կեսը դասավանդվելու է վրացերեն լեզվով, ինչը մեծ մտահոգություն է առաջացրել ջավախքահայերի շրջանում: Հույսով ենք տվյալ մեթոդը կյանքի չի կոչվի եւ դրա փոխարեն կրթության եւ գիտության նախարարությունը մի այլ ծրագիր կմշակի պետական լեզվի իմացությունը բարձրացնելու համար, եւ այն չի արվի հայերենի հաշվին:

-Առհասարակ, կցանկանամ լեզվի խնդրին անդրադառնալ, այն այդպես էլ ցավոտ հարց է շարունակում մնալ: Լեզվի պատճառով ի՞նչ դժվարություններ են առաջ քաշվում:

-Իրոք, տվյալ հարցը ցավոտ է մեր ժողովրդի համար: Երեսուն տարեկանից վեր մարդիկ վատ են տիրապետում վրացերենին, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում մարդկանց համար, եւ այդ իսկ պատճառով շատերը ուզում են մայրենի լեզվով վարել իրենց գործերը տարածաշրջանում: Դա ժողովրդական պահանջ է, եւ կարծում եմ երկրում ժողովրդավարության ավելի զարգացման դեպքում տվյալ հարցը իր դրական լուծումն է ստանալու: Նաեւ տվյալ խնդրի շուրջ երկու տարի առաջ ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նման դիրքորոշմամբ հանդես է եկել նախագահ` Սերժ Սարգսյանը:

– Պրն Այվազյան, հայերը որքանո՞վ են ներգրավված Վրաստանի քաղաքականության մեջ:

-Վրաստանի քաղաքական ուժերը հայերի խնդիրների լուծման առումով ոչ մի էական խոստումներ չեն տալիս, եւ դա է հիմնական պատճառը, որ հայերը հեռու են երկրի ներքին քաղաքական պրոցեսներից, չնայած ընտրությունների ժամանակ բավական ակտիվ են: Այս ամենը միաժամանակ չի խանգարում հայերին երկրի լավ ու հայրենասեր քաղաքացիներ լինել:

-Խոսենք մեկ այլ ցավոտ խնդրից. Եկեղեցիներ: Արդյո՞ք հայկական եկեղեցնիենրը շարունակվում են պղծվել:

-Հայկական եկեղեցիները շարունակում են մնալ վիճելի, եւ դա է ցանկացած հայի անհանգստացնում մեր շրջանում ու ամբողջ Վրաստանում, դրանից դուրս նոր տեղեկություն ես չունեմ եկեղեցիների վրացականացման առումով:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկել կամ հիմա էլ ձեռնարկվում Վրաստանում ապրող հայերի ապրելակերպը փոքր-ինչ լավացնելու համար:

-Իրոք, շատ կարեւոր է խնդիրների կողքին նաեւ դրական զարգացումները նկատել: Մի քան տարիների ընթացքում տարածաշրջանը լիովին փոխվել է: Կառուցվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ, ինչը ուղղակի անդրադառնում է ջավախքցու սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Քաղաքները կառուցվում են նոր թափով: Ամբողջ երկրի հետ մեկտեղ նաեւ տարածաշրջանում արմատախիլ է արվել կաշառակերությունը: Վրաստանը դարձել է օրենքի երկիր, եւ ահա թե ինչն է հույս ներշնչում մեր խնդիրների լուծման առումով: Այն երկիրը, որն օրեցօր զարգանում է ի վերջո կամա, թե ակամա կանգնելու է չլուծված խնդիրները լուծելու անհրաժեշտության առջեւ:

-Հայաստանի իշխանություններն ինչ-որ կերպ օգնություն ցուցաբերե՞լ են:

-Հայաստանի իշխանությունները մի փոքր օգնում են հայկական լրատվամիջոցներին պահպանելու համար` այն ինչ կա, ինչը շատ կարեւոր է: Սփյուռքի նախարարությունն էլ իր ծրագրերն է իրականացնում Ջավախքում: Նրանք նաեւ կապեր են հաստատում Ջավախքում կրթամշակութային ուղղվածություն ունեցող կազմակերպություններին, լրատվամիջոցների հետ եւ փորձում օգնել տարբեր անհրաժեշտ միջոցներով: Ցավոք, պետք է նշեմ, որ այդ ամենը շատ քիչ է մեր ժողովրդին օգնելու համար, այնուամենայնիվ հույսեր կան, որ ապագայում ամեն ինչ ավելի լավ է լինելու: