Հ. Սասունյան. Ինչպե՞ս պետք է Սփյուռքն արձագանքի Թուրքիայի նոր նախաձերռնություններին

11

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը անդրադարձ է կատարել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, որ վերջինս հայ-թուրքական հարաբերություններում «երկխոսության» որոշակի քայլեր է ձեռնարկում: Այս մասին տեղեկանում ենք Asbarez-ից:

Սասունյանը մասնավորապես գրում է` «Հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է իր ջանքերը սփյուռքի հետ հայ–թուրքական խնդիրների շուրջ անձամբ «երկխոսություն» սկսելու ուղղությամբ։ Այս ամսվա սկզբին Դավութօղլուն դարձյալ հանդիպեց ամերիկահայերի հետ` ի շարունակություն մարտին Վաշինգտոնում ունեցած իր հանդիպումներին։

Մայիսին տեղի ունեցած խոսակցության ժամանակ, նրա հայ զրուցակիցներն անկեղծորեն խորհուրդ տվեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, որ Անկարան պետք է հետամուտ լինի ցեղասպանության ճանաչման և հատուցման հայկական պահանջներին, և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ որևէ «հաշտեցման» մասին։ Թուրքական կողմը, ինչպես հայտնում են, արտահայտել է այս փշոտ հարցերը քննարկելու իր ցանկությունը սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Չնայած Դավութօղլուի թվացյալ անկեղծությանը՝ հայերն ունեն իրենց հիմնավոր պատճառները նման նախաձեռնություններին չվստահելու` հաշվի առնելով տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը և սփյուռքի, Հայաստանի ու Արցախի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը։ Հայերը նաև կասկածում են, որ Թուրքիայի պաշտոնատարները կարող են շահագործել սփյուռքի հետ հանդիպումները որպես քարոզարշավ համաշխարհային հասարակական կարծիքում դիվիդենտներ ստանալու համար։

Այնուամենայնիվ, կարելի է հարց տալ, թե ինչու է Թուրքիայի գերզբաղված արտաքին
գործերի նախարարն իր թանկագին ժամանակը հատկացնում և այդքան ջանքեր գործադրում վերջին շաբաթներին հայերի հետ մի շարք առանձին հանդիպումներ ունենալու համար։

Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ թուրք ղեկավարներին խիստ մտահոգում է Հայոց ցեղասպանության գալիք 100–րդ տարելիցը։ Անկարան հավանաբար գիտակցում է, որ եթե չձեռնարկի պրոակտիվ քայլեր, ապա չի կարող հակազդել 2015 թվականին աշխարհով մեկ հայկական միջոցառումների ստեղծած հակաթուրքական քարոզարշավին։

Երկրորդ հնարավոր պատճառը, թե ինչու է Թուրքիայի կառավարությունը ցանկանում խոսել սփյուռքի հայերի հետ, Եվրոպական Միությանն անդամակցելու իր երկար տարիների շահագրգռվածությունն է։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլլանդը զգուշացրել էր, որ մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կմերժի ԵՄ անդամակցության նրա դիմումը։

Հայերի հետ «հաշտեցման» ցանկության անկեղծությունը փաստելու համար Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնի ցեղասպանության ժխտումը, վերացնի Թուրքիայի քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը և վերջ դնի Հայաստանի և Արցախի նկատմամբ թշնամական վերաբերմունքին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարությունն ինքնակամ և առանց վերապահության չի բավարարի հայերի պահանջները, և որ բոլոր առկախված հարցերը պետք է լուծվեն մի օր անմիջական բանակցությունների միջոցով՝ սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները պետք է պատրաստվեն դրան ի վերջո։ Այս առումով, որպես նախընթաց կարևոր է վերանայել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սաբրի Չաղլայանգիլի և հայկական երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ 1977 թվականի Շվեյցարիայի Ցյուրիխի քաղաքում տեղի ունեցած հանդիպման արձանագրությունները:

Ստորև ներկայացնում եմ որոշակի գաղափարներ, որոնք պետք է նկատի առնվեն նախքան Թուրքիայի ղեկավարների սփյուռքի ներկայացուցիչների միջև որևէ հետագա հանդիպումներ կամ քննարկումներ ունենալը՝

Նորմալ հանգամանքներում Թուրքիայի դիվանագետները հայկական հարցերը կբարձրացնեին Հայաստանի հետ անմիջական բանակցությունների ընթացքում։ Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայ–թուրքական արձանագրությունների խափանումը մինչև Արցախի հակամարտության ավարտը, Թուրքիայի ղեկավարներին ոչ մի այլընտրանք չի մնում, քան կապ հաստատել սփյուռքի հետ և զբաղվել իր իրավացի պահանջներով»,- գրել է Սասունյանը։