Հանքարդյունաբերության չարաշահումից ստեղծվում է քաղցկեղածին միջավայր

9

Սևանա լճի էկոլոգիական խնդիրների և մասնավորապես Սոթքի հանքավայրի շահագործումից վերջինիս հասցված վնասների մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին բնապահպաններ և շահագրգիռ այլ կողմեր:
Նշվեց, որ հանքավայրը շահագործում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը:
ԱԺ բնապահպանական, սոցիալական և առողջապահական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադևոսյանի փոխանցմամբ, Սոթքի հանքի շահագործմամբ խախտվում է «Սևանի մասին» օրենքը:

«Օրենքի համաձայն Սևանին հարակից տարածքում չի կարելի հանք շահագործել, քանի որ հանքարդյունաբերության հետևանքով թափոններ են լցվում Սևանա լիճ: Բոլոր գյուղատնտեսական հողերը մեզ մոտ վերածվում են հանքարդյունաբերական հողերի: Այս ամենի հետևանքով ստեղծվում է քաղցկեղածին միջավայր»,- նշեց Գագիկ Թադևոսյանը:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ իրենք այցելել են Սոթք և կազմակերպել հանրային լսումներ, որոնց, սակայն «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել:

«Անհրաժեշտ է անհարաղ ապամոնտաժել անօրինական կառույցը և կիրառել համապատասխան պատժամիջոց։ Եթե կորցնենք Սևանը, կկորցնենք ողջ հանրապետությունը»,-նշեց Ինգա Զարաֆյանը։

«Հայաստանի անտառներ» ՀԿ–ի նախագահ Նազելի Վարդանյանի փոխանցմամբ,
բոլոր հետազոտությունները վկայում են այն մասին, որ 20 տարի հետո քաղցրահամ ջուրը ավելի թանկ կլինի, քան ոսկին կամ երկաթը:

ԱԺ բնապահպանական, սոցիալական և առողջապահական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ վերը նշված մտահոգությունները բաց նամակի տեսքով ուղարկվել են ՀՀ նախագահին, որում նշվել է նաև Հրազդանում երկաթի հանքի շահագործման խնդրի մասին:
Աղբյուր` Panorama.am