ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ժնևում հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների

5

Նոյեմբերի 14-15-ը աշխատանքային այցով Ժնեւում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Այցի շրջանակներում փոխարտգործնախարար Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ գրասենյակի Գլխավոր տնօրեն Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլեյի, Առողջապահության Համաշխարհային Կազամկերպության Գլխավոր տնօրեն Մարգարետ Չենի եւ Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղար Յան Կուբիշի հետ:

ՄԱԿ գրասենյակի Գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում Աշոտ Հովակիմյանը վերահաստատեց Հայաստանի կողմից Ժնեւում ՄԱԿ գրասենյակի Գլխավոր տնօրենի գործունեության օժանդակման, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Պարոն Տոկաեւը ներկայացրեց Ժնեւում ՄԱԿ գրասենյակի միջազգային նշանակության բարձրացմանն ուղղված իր աշխատակազմի գործունեությունը, կարեւորեց մշտական ներկայացուցչությունների հետ համագործակցությունը եւ տրամադրվող ծառայությունների բարելավումը: Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը բարձր գնահատեց Հայաստանի ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում:

Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլեյի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման բնագավառում հանձնակատարի գրասենյակի հետ Հայաստանի համագործակցության ուղղություններն ու շրջանակները, մասնավորապես Բարձրագույն հանձնակատարը ողջունեց ՀՀ կառավարության կողմից Ընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի իրականացման նպատակով աշխատանքային խմբի ձեւավորման փաստը եւ հայտնեց իր եւ իր գրասենյակի աջակցությունը: Աշոտ Հովակիմյանը կարեւորեց մարդու իրավունքների պաշտպանության ունիվերսալությունը, այդ թվում նաեւ այն տարածքներում, որոնց կարգավիճակը դեռեւս բանակցությունների առարկա է եւ որտեղ փաստորեն չեն գործում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները: Այդ տարածքներում բնակվող մարդիկ նույնպես ունեն իրավունքներ, որոնց պաշտպանումը պետք է իրականացվի բարձրագույն հանձնակատարի մանդատի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ ցեղասպանության կանխարգելման բնագավառում ՀՀ եւ հանձնակատարի գրասենյակի համագործակցությանն առնչվող հարցերը:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Գլխավոր տնօրեն Մարգարետ Չենի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպության շրջանակներում ՀՀ հետ համագործակցությունը: Մարգարետ Չենը ներկայացրեց իր կողմից նախաձեռնված բարեփոխումների փաթեթը, որոնք կոչված են բարձրացնել ԱՀԿ դերը առողջապահության ներկայիս մարտահրավերներին դիմակայելու գործում:

Պարոն Հովակիմյանը տեղեկացրեց Մարգարետ Չենին Հայաստանի առողջապահության ոլորտում ծրագրավորված բարեփոխումների մասին եւ հրավիրեց Գլխավոր տնօրենին այցելել Հայաստան:

Նոյեմբերի 15-ին կայացավ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԿ Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղար Յան Կուբիշի հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարեւորությունը: Կողմերը քննարկեցին նաեւ կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր: