Ժողովուրդը՝ նորից խաղից դուրս վիճակում

15

Փետրվարի 22-ի հանրահավաքին հավաքված ժողովրդի համբերությունը շատ ավելին էր, քան կարելի է պատկերացնել: Ուշացումով հանրահավաքին ժամանեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, եվրոպական ժողովրդավարության կանոնների համաձայն, սկսեց խաղալ ժողովրդի հոգեբանական լարերի վրա՝ չտալով որևէ լուրջ վերլուծություն Սերժ Սարգսյանի և իր միջև անցկացված բանակցությունների մասին, ներկայացրեց մի պատկեր, կարծես ինքը առասպելական Հայկի նման վերջնագրով է խոսել թշնամի զավթիչի հետ՝ նրան ներկայացնելով 3 պայման, որոնց ինչպես հատուկ է բռնակալին, Սերժ Սարգսյանը միանշանակ պատասխանել է. «Ո՛չ, ո՛չ և ևս մեկ անգամ ո՛չ: Եվ այդ վերջնագրային «բանակցությունները» տևել են մեկ ժամից ավել: Ի վերջո, Րաֆֆին, չցանկանալով վտանգել ժողովրդի անվտանգությունը, փորձել է միջանկյալ լուծում գտնել խնդրին և պահանջել է առաջին քայլով պատժել կեղծարարներին, և Սերժ Սարգսյանը այս ժողովրդավարական, օրենսդրական և սահմանադրությունից բխող պահանջին նույնպես տվել է բացասական պատասխան, ինչից, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, բացահայտ պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը շարունակում է և պետք է շարունակի իր անօրինական գործունեությունը՝ հենվելով միայն սրիկաների, կեղծարարների և կաշառակերների վրա, եթե իր պատժիչ ձեռքը չկանգնեցնի նրան: Բացահայտ երևում է, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, որ ինքը Աստծո ընտրյալ է, որին դրախտից ուղարկել են՝ մաքրելու ավետյալ երկիրը և փրկելու թշնամու ձեռքին տառապող հայ ժողովրդին: Ամեն ինչ գեղեցիկ է, սակայն մի պահ ես հիշեցի այդ բանակցությունները սկսելուց առաջ տեղի ունեցող միջադեպը, երբ Սերժ Սարգսյանի առաջարկությունը բանակցությունները վարել լրագրողների ներկայությամբ մերժվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից և ազգայնական ՀՀԿ-ի այլազգի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որ եթե շարունակվի նույն պահվածքը, որ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենք ստիպված կլինեն հրապարակել ողջ բանակցությունները: Հավանաբար` ինչպես են ընթացել բանակցությունները, և ինչ են քննարկել երկու «ազգային ջոջերը» մեզ՝ մահկանացուներիս համար, կմնա գաղտնի, սակայն մի բան պարզ է, որ այս խաղում ժողովուրդը նորից հայտնվեց խաղից դուրս վիճակում:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};