Պարզվում է` պատգամավորները պատգամավոր դարձան` բառի բուն իմաստով ժողովրդի հաշվին: Այլ կերպ ասած` և’ ակնոցը, և’ մուրաբան, և’ շաքարավազը, և’ մնացածը նրանք ստացել են, այսպես ասած «նիսյա»` հետո վճարելու ոչ թե պայմանով, այլ` պարտադրանքով: Արդեն մի տեսակ ազգային յուրահատկություն և պարտադիր պայման է դարձել` ընտրություններից բխող հետևանքները` իրենց հնարավոր թանկացումներով: Այսինքն, այն մենաշնորհ դիրք ունեցողները, ովքեր նաև պատգամավոր են դարձել և ծախսեր կատարել քարոզարշավի շրջանակներում, ետ են վերադարձնում իրենց գումարները, այլ կերպ ասած` մի գրպանից վերցնում են, դնում մյուս գրպանում: Քանի որ նրանց համար շատ կարեւոր է քաղաքական կայունությունը , որտեղ իրենք պետք է իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն, ուստի արեցին այն, ինչ կարող էին` շռայլություն` մեկը մյուսից ավելի: Պարզ է, որ ընտրությունների ժամանակ ծախսվում են մեծ գումարներ. քաղաքական քարոզարշավ, համերգներ, օգնություններ, գովազդ, լրատվամիջոցներ և այլն, և այլն: Ու եթե ողջ տարվա ընթացքում Հայաստանից ուղեղների արտահոսք է տեղի ունենում, ապա նախընտրական շրջանում՝ գումարների արտահոսք: Դե ուղեղների արտահոսքը, օլիգարխների վրա, մեղմ ասած, ազդեցություն չունեն, բայց այ փողի ծախսը նրանց համար ոչ այլ ինչ է, քան անընդունելի փաստ, որի համար ամեն ինչի պատրաստ են: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում թանկացումները հաջորդում են միմյանց, իսկ բարձրացված գները հետո չեն իջնում: Սկզբում բարձրացան առաջին անհրաժեշտության ապրաքների գները, հետո քիչ-քիչ սկսեցին բարձրանալ գրեթե բոլոր ապրանքների գները: Եվ ամենահետաքրիրն այն է, որ թեկուզ ունենք գնաճը մեղմելու կառույց, որի նախագահ նշանակեցին հարկայինի փոխնախագահ Շաբոյանին, միևնույն է, գնաճը չի մեղմվում ու միամտություն է կարծել, թե մարդիկ փորձում են, բայց չի ստացվում, որ դեռ ճգնաժամ է ու նման հեքիաթային պատմություններ: Պատճառը մեկն է` մենք Հայաստանում ենք ապրում: Դե Հայաստանում էլ մարդիկ «ֆայմել են», որ իրենց գումարները հաշվեն, բաժանեն ամիսների, հետո այդ ամիսների օրերի ու կիլոգրամների: Փորձենք փոքրիկ հաշվարկի միջոցով ապացուցենք ասվածը: Օրինակ` ալյուրը, թանկացնելով ընդամենը 10 դրամ, տարեկան եկամուտը կկազմի միլոնավոր դրամներ, քանի որ այն բավականին շատ է սպառվում: Ու կստացվի, որ տվյալ օլիգարխը ընդամենը մի քանի ամսում «հանեց» և՛ իր ծախսը, և՛ պատգամավոր դարձավ, մնացած ամիսներն էլ օգուտ քաղեց: Էլ չենք խոսում դոլարի արժևորման մասին, դա ևս քաղաքական վերջին զարգացումների հետ է կապված: Ընտրաշրջանում շրջանառության մեջ նետված դրամի հսկայական զանգվածն ուղղակի հարված էր պետությանը, ուստի այդ հարվածը կարգավորելու և մեղմելու համար, մարդիկ էլ, լողացող քաղաքակնությունից օգտվելով, արել են այն, ինչ արել են: Այսպիսով` հանրապետությունում ձևավորված բարձր գնաճն ու նոր թանկացումների միտումները քաղաքական դաշտի մենաշնորհների հետևանք են, ինչպեսև ենթադրվում է` «Էս սարն իմն է, էս ծառն իմն է, մանդատն իմն է, փողերն էլ է իմը»….Իսկ ժողովրդինը` միայն տաշտակն է, հին, բարի, երազկոտ: Հանկարծ չմոռանանք` նաև հույսերը, որ վաղվանից լավ ենք ապրելու, մնում է միայն հավատալ….













