Գյուղատնտեսական վարկերը գյուղացու տունը քանդում են

9

«Ընգել ենք կրակի մեջ, չենք կարում դուրս գանք: Ու սաղ պատճառը վարկն ա` գյուղացիներին, որ տալիս են: Շատ լավ, եթե պայմանները լավ լինեն: Կարճաժամկետ ա ու մեծ տոկոս, խրվել ենք չենք կարում դուրս գանք: Հիմա չգիտեմ ինչ անեմ»,- ասում է Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչ Վարազդատը: Նա վերցրել է վարկ, ու սպասված բերքը չի ստացել. «տան եղած-չեղածը պիտի ծախեմ, որ կարանամ պարտքերիս տակից դուրս գամ»: Վարազդատը այն հարյուրավոր գյուղացիներից է, որ վարկ վերցնելով, թեև չէր ակնակլում շատ մեծ օգուտ, բայց այսպիսի վնաս, նույնպես չէր սպասում ու առավել ևս. «Մենք արժանի չենք էդ պայմաններին: Լուրջ եմ ասում շան չարչարանք ա, ու անօգուտ: Ավելի ճիշտ վնասով ենք դուրս գալիս»:

Գյուղացիները դժգոհում են վարկային պայմաններից, մինչդեռ տարբեր բանկերի աշխատակիցներ համարում են, որ վարկավորման մեծ ծավալները մեծ չափով խթանել են գյուղատնտեսության զարգացմանը: «Գյուղացիական վարկեր տրամադրող բանկերից մեկի վարկային բաժնի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև գյուղացիների դժգոհությունը հասկանալի է, քանի որ ռիսկային ոլորտ է, քիչ եկամտաբեր և այլն, բայց նաև իրենց առաջարկած տոկոսներն էլ արդարացված են: Ի դեպ, բազմաթիվ տարբերակներ կան վարկեր վերցնելու համար` երկարաժամկետ, կարճաժամկետ, բանկի անդամ լինել-չլինելու, ուստի տարբեր պատճառահետևանքային կապից ելնելով` բանկերի տրամադրած վարկային տոկոսները տարբեր են` տատանվում են 15-23 տոկոսի սահամններում. «Այն, ինչ տրամադրում ենք մենք արդարացված է, այդ տոկոսները շատ բարձր չեն, ուստի ասել, գյուղացին է սխալ, թե վարկատուն, սխալ կլինի, քանի որ 2-ն էլ ունեն իրենց պատճառները»,-ասաց բանկի վարկային բաժնի աշխատակիցը:

Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ Պողոսը բանկից վերցրած վարկի պատճառով որդուն ուղարկել է արտերկյա աշխատանքի. «Վերցրեցինք, թե իբր կարողանանք առաջ գնանք, հետ գնացինք: Շատ բարձր ա տոկոսը: Համ էլ գյուղացուն միշտ մի աղետ հասնում ա, ոչ էլ կարգին բերք ստացանք: Քիչ են խաբում մարդկանց, հիմա էլ էդ վարկերը բերեցին մոդա գցեցին, խաբեցին, փաթաթցեին վզներիս: Նենց ներկայացրին, ես մտածում էի, ինչ լավ ա էս վարկը, կկարողնանաք, կարգին աշխատել: Բայց ի՞նչ: Տոկոսը պտտվում ա, մենք էլ չենք կարում մի բան անենք: 5 տոկոսով վարկը բերել են 24 տոկոսով մեզ են տալիս, բա դա խիղճ ա՞, բա դա մարդկություն ա՞»,-առանց պատասխան ակնակալելու ասում է նա: Իսկ իրենց համագյուղացի տիկին Վարսենիկն ասում է. «Էդ վարկերը տունս քանդեցին: Չեմ կարում էդ տոկոսների տակից դուրս գամ: Շատ ահավոր ա: Խաբեցին, տվեցին»,-ասում է նա:

Եվ իրոք, բանկերում գրավադրված գույքը գնահատվում է բավականին ցածր գնով: Ու երբ վերլուծում ես փաստերն ու իրողությունները, պարզ է դառնում վաղուց բացահայտված իրականություն. Միշտ տուժում է հասարակ մարդը: Խնդրի վերաբերյալ լսեցինք նաև գյուղ նախախարության կարծիքը: Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Վահագն Մարտիրոսյանը նախ ասաց, որ խնդիրն իրենց նախարարությանը չի վերաբերում, թեև նրանք դիմել են կառավարությանը վարկերի տոկոսներն իջեցնելու նպատակով. «Ցավոք, դա մերը չի: Մենք չենք տրամադրում այդ վարկերը, ուստի ասել այն բարձր է, թե ցածր, չենք կարող»,-նշեց Մարտիրոսյանը:
Տնտեսագետ Կարապետ Լեյլոյանն այն կարծիքին է, որ բանկն, այդպիսի բարձր տոկոսներ տալով, իրեն ապահովագրել է և ստեղծել իր համար այսպես կոչված «ջերմոցային պայմաններ». «Ստացվում է այնպես, որ եթե նույնիսկ գյուղացին իր պարտքը ետ չվերադարձնի, ինչը բացառվում է, բանկն արդեն շահույթով է դուրս գալիս ու տուժում է կրկին գյուղացին: Նման վարկային պայմաններ առաջարկել ուղղակի անհեթեթություն է, նման բան իրավունք չունի անել մեր երկրի պես երկիրը, երբ մարդիկ ապրելու ոչ մի հնարավորություն չունեն: Այս ոլորտն ամենաթողության արդյուքնում է հայտնվել այս իրավիճակում, երբ վարկեր են տալիս` առանց որևէ տնտեսագիտական հաշվարկի` այլ ուղղակի շուկայական հարաբերությունների շահերից ելնելով»,-ասում է նա:

Պարզվում է` այս անգամ էլ գործ ունենք շուկայական հարաբերությունների հետ, որտեղ շահող կողմը հաստատ գյուղացին չէ: Ու այս անգամ էլ հասարակ գյուղացին մնում է կոտրած տաշտակի առաջ: Մնում է միայն հուսալ, որ գոնե բնության վատ հետևանքները կշրջանցեն գյուղացուն, քանի որ ավելին սպասել իշախանություններից, ինչպես պարզվում է` անհնար է:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};