Գիտականորեն հաստատված կաշառք

7

Պարզվում է` ընտրական գործընթացներում արդիական կարելի է համարել ոչ միայն կաշառքը, կեղծիքը, սուտը, այլև` ոչ ավել, ոչ պակաս տնտեսագիտական ոչ մի հաշվարկաների մեջ չտեղավորվող նախընտրական գնանկումը, կամ գների պահպանումը: Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խորին համոզմամբ` ու որպես կանոն նախընտրական շրջանում գնաճը որոշակիորեն մեղմվում է: Այլ կերպ ասած` գնաճ տեղի չի ունենում: «Իշխանական լծակներ են կիրառվում, սակայն արդեն հետընտրական շրջանում գների աճը նոր թռիչք է արձանագրվում»: Եվ դա դեռ բավական չէ, երևույթն ունի գիտականորեն հաստատված իր անվանումը` կորելացիա: Նախընտրական շրջանում իրականացվող այս իրականությունը ինչ է` պատահականություն, թե՞ տնտեսագիտական լուրջ վերլուծությունների արդյունք: Հարցն ուղղեցինք տնտեսագետ Արմեն Նիկողոսյանին. «Իհարկե վերլուծության, բայց ոչ թե տնտեսագիտական, այլ` խորամանկության»: Նա հնարավոր է համարում, որ նախընտրական շրջանում լինի գնանկում, կամ գների պահպանում: «Քանի որ շուկայական գներն այսօր վերահսկվում էմիայն իշխանության անհատ ներկայացուցիչների կողմից, նրանք ինչ ուզում, այն էլ անում են, ուստի չեմ բացառում արհեստական միջամտությունը»,-ասաց նա: Ի դեպ, շուկայական գների պահպանումը և իջեցումը փաստում են նաև մայրաքաղաքի տարբեր հատվածների խանութների աշխատակիցները: «Արդեն 15-20 օր կլինի, որ ոչ մի ապրանքի գին չի բարձրացել: Այսպիսի բան, վերջին 2 տարվա ընթացքում համարյա չի եղել, միշտ բարձրացնում էին»,-ասում է կենտրոնում գործող մթերային խանութներից մեկի աշխատակցուհին` Ռիտան: «Մեր մոտ կան ապրանքատեսակներ, որ գները իջել են` ձեթը, զեյթունը, կարագը: Բայց ոչ մի բանի գին չի բարձրացել: Շատ զարմացած ենք»,-խոսքը բերանում փայտին թխթխկացնելով` ասում է երկար տարիների խանութի վաճառողուհի տիկին Արեգնազը: «Սա կարելի է համարել կաշառք, ոչ ավել, ոչ պակաս: Նախընտրական շրջանում,պատգամավորի թեկնածուները զբաղված են այս կամ այն բանը բաժանելով, դե մեկն էլ այդպես է մարդկանց ուրախացնում ու հույս տալիս, թե մեր երկրում գնանկում կա,-ասում է տնտեսագետը և հավելում,- ես կարող եմ հստակ ասել, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ լինում է գների իջեցում կամ պահպանում, իսկ դրանից հետո գները կտրուկ աճում են»:
Ի՞նչ է ստացվում, երևույթը, որը տեղի է ունենում մեր երկրում` միայն նախընտրական շրջանում, ոչ միայն նորմալ է, այլև` պիտակավորված:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};