Արդյո՞ք գազի գինը կթանկանա

9

Վերջին մի քանի օրերին ակտիվացել են լուրերը գազի սակագնի թանկացման հետ կապված: Հասարակության շրջանում խուճապն, իրոք, հասկանալի է, վերջին մի քանի ամիսների ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրված գնաճի հետ կապված, և թերևս կապույտ վառելիքի թանկացումը չափազանց ծանր կլինի նրանց համար: Ու քանի որ այսօր կենցաղային մակարդակում հետաքրքրող հարցերի հարցը, թերևս, թանկացումներն են, ուստի որոշեցինք առաջին ձեռքից պարզել տեղեկատվությունը: Նախ, փորձեցինք հարցը բարձրացնել պետական մարմնում` Էկոնոմիկայի նախարարությունում, սակայն` ապարդյուն: Այնտեղից ոչ ոք չցանկացավ պատասխանել հարցերին, չգիտես` ինչու, ու առանց հիմնավորման` խորհուրդ տալով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Մինչդեռ դա ծայրահեղ անիմաստ կլիներ, քանի որ ինչպես պարզվեց` «Հայռուսգազարդը» հայցով դեռ չի դիմել այդ հանձնաժողովին: Խուճապի ալիքը մեծացավ հատկապես, երբ ընդամենը օրեր առաջ «Գազպրոմ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպման ընթացքում քննարկել էին Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման և 2012-2013 թթ. ներմուծման ծավալներին առնչվող հարցերը: Իսկ այդ հարցերի շուրջ խոսակցությունները հավանաբար պատահաակն չեն ու հիմք է տալիս եզրակացության, որ կապույտ վառելիքը կթանկանա, միայն թե ինչքան կկազմի նոր գինը, դա պարզ չէ: Խնդրի վերաբերյալ լսեցինք նաև «Հայռուսգազարդ» ընկերության պատասխանատուի մեկնաբանությունը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում տվեց շատ կարճն ու կոնկրետ պատասխան.«Այս պահի դրությամբ դեռևս կարող եմ ասել, որ նման բան չկա, գազի գինը չի թանկանա, մենք չենք դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,-ասաց Շուշան Սարդարյանը:
Ի դեպ մամուլում տարածված լուրերի համաձայն` այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Ըստ այդմ, 1000 խմ գազը ՀՀ սահմանին կարժենա 280 ԱՄՆ դոլար:
Նույն աղբյուրների պնդմամբ, հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա արդեն 320 դոլար: Սակայն կրկնում ենք, որ նախարարությունն ու «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ -ն լռում են:

Ամենուր տարածված ինֆորմացիան, որը մարդկանց գցել է` առանց այդ էլ գնային շոկի մեջ, փաստորեն դեռևս կախված է շոկի մեջ: Սակայն ինչպես ժողովուրդն է ասում` առանց կրակ ծուխ չի լինում:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};