Անշարժ գույքի առևտուրն անշարժացել է

53

Անշարժ գույքի առուվաճառքն այլևս շահավետ բիզնես չէ: Ասվածն ապացուցում են ոչ միայն իրենք` անշարժ գույքի գործակալները, այլև` պաշտոնական թվերը: Այսպիսով` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից հայտնում են, որ 2012թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14384 գործարքներ, որոնց քանակը 2012թ. հունվարի համեմատ աճել է 47.6%-ով, իսկ 2011թ. փետրվարի համեմատ նվազել ` 3.0%-ով: Իսկ «Արմին» գործակալության տնօրեն Տիգրան Հովսեփյանը, սեփական փորձի վրա հիմնվելով, ասում է, որ ավելի շատ է նվազել, քան այսպես ասած` պետական թվերն են. «Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա հաստատ 20-30 տոկոսով նվազել է առքուվաճառքի թիվը»: «Շեն կոնցեռնի» գործակալ Սայաթն ասում է, որ ինքը թեև մոնիտորինգ չի կատարել, բայց. «Պարզից էլ պարզ է, որ գնողունակությունը նվազել է»,-ասում նա: Իսկ իրողությունն ունի իր հիմնական պատճառները: Գործակալներն առաջին հերթին նշում են ինտերնետային առուվաճառքի արդիական դառնալը. «Մարդիկ ավելի շատ գերադասում են ինտերնետով գնեն կամ վաճառեն: Բայց դա ունի իր մեծ բացասական կողմը: Մարդիկ այդ դեպքում գործ են ունենում ավանտյուրիստների հետ»,-ասում է գործակալության տնօրենը:

Իսկ անշարժ գույքի գործակալ Արմեն Մարտիրոսյանն էլ ունի այլ տարբերակ. «մարդկանց ձեռքին փող չկա, որ տուն առնեն, դրա համար էլ մեր գործը հեչ լավ չի: Միշտ աշնանը լավ ա լինում գործը, քանի որ խոպանչիները գալիս են ու տուն են առնում, բայց նախորդ անգամ, հեչ բան էր, քանի որ ճգնաժամ էր»,-ասում է նա:

Թերևս մարդկանց ձեռքի գումար չլնելու հանգամանով է պայմանավորված ` ըստ տնտեսագետ Գաբրիել Ղուկասյանի նաև անշարժ գույքի գների անկումը. «Այստեղ գործում է առաջարկ- պահանջարկը: Եթե չկա պահանջարկ, ուստի առաջարկը մնում է սկզբում անփոփոխ, հետո արդեն առաջարկի գինը նվազում է, որպեսզի պահանջարկ լինի»,-ասում նա: Անշարժ գույքի պետական կադաստրի մամուլի վարչությունից հայտնում են, որ կատարված ուսումնասիրության համաձայն` 2012թ.փետրվարին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012թ. հունվարի համեմատ, նվազել են 0.5%-ով:

Ի դեպ, գների լեզուն հետևյալն է. կենտրոնում 1քմ մակերեսն արժե 1000-1500դոլար` կախված վերանորոգումից ու կոմունալ պայմաններից, իսկ ծայրամասում 450-600 դոլար, քաղաքի միջին հատվածում, օրինակ Կոմիտասում` արժե 500-800 դոլար:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};