Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին, հաղորդել է, որ Վատիկանը առաջիկայում ծրագրում է բացել 8-20 դարի կեսերին վերաբերող իր գաղտնի արխիվները եւ դրանք դնել ցուցադրության 2012 թվականի փետրվարին կայանալիք Lux in Arcana ցուցահանդեսում: Այս մասին գրում է թուրքական “Hurriyet” պարբերականը:
Արխիվների պատասխանատու Սերջիո Պագանին նշել է, որ հրապարակվելիք արխիվներում պահպանվել են փաստաթղթեր Օսմանյան կայսրությունում 1895-1921 թթ. հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին։
Պագանիի խոսքով. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերում ներկայացված են թուրք զինվորների դաժան բռնությունները, որոնք ուղղակի անմարդկային են»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ջիանֆրանկո Ռավասին Հայաստանում էր և հանդիպում ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: