Հայ սպային գազանաբար սպանած Ադրբեջանի ազգային բանակում ծառայող սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը Հայաստանում հսկայական բողոքի ալիք բարձրացրեց: Հունգարիան վերջինիս Ադրբեջանին հանձնեց, իսկ Իլհամ Ալիևը ներում շնորհեց մարդասպանին: Հայ ազգի ու հայ մարդու համար սա կրկին հարված էր, որով կրկին հայ մարդը ցեղասպանվելու վտանգի տակ է հայտնվում, և կրկին միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում: Այն, որ Հունգարիայի կառավարությունը մի քանի միլիարդ դոլարով վաճառել էր Սաֆարովին, միանշանակ է: Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչպես կարողացավ Ադրբեջանը գնել Հունգարական դատարանին, կառավարությանն ու ողջ պետական համակարգը, իսկ այդ երկիրը վտանգի տակ դրեց այս ամենը ի ցույց ողջ աշխարհի: Իհարկե, Ալիևը փող ունի, բայց միայնակ գործելու համար չունի այդքան մեծ կարողություն, այսինքն օգնել են նրան գործարքը իրականացնելու գործում: Իսկ ո՞վ է օգնել: Նախ այն, որ Մարգարյանը Հունգարիայում էր ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում կազմակերպված լեզվի ուսուցման դասընթացներին մասնակցելու համար, որտեղ որ գազանաբար կացնահարվեց, իսկ ՆԱՏՕ-ն ոչ մի անգամ չի խոսել դեպքի մասին: Իսկ ինչո՞ւ: Մի՞թե ՆԱՏՕ-ն չի կրում պատասխանատվություն իր կազմակերպած դասընթացում կատարված ցանկացած միջադեպի համար, ոքան էլ, որ Հունգարիան լիներ կազմակերպող երկիրը, միևնույն է, ՆԱՏՕ-ի շրջանակներում է իրականացվել հանցագործությունը: Մի՞թե ՆԱՏՕ-ն ինքը չպիտի դատապարտեր երևույթը` գոնե հարգելով այն հանգամանքը, որ արդեն երկար տարիներ ՆԱՏՕ-ի համար հայ խաղաղապահներն են ծառայում և ոչ մի միջադեպ մինչ օրս չի գրանցվել, որ ապականում է հայ խաղաղապահի անունը: Ինչո՞ւ պետք է Հայաստանը թույլ տա իր զավակը գնա Աֆղանստանի, Կոսովոյի ու այլ երկրների թեժ գծերում ծառայի` առանց իսկ երաշխավորության, որ գոնե սպանելուց հետո կմիջամտեն, որ որոշումը արդարացի լինի: Այսինքն, եթե ՆԱՏՕ-ն մատը մատին չի տալիս, գո՞ւցե ինքն է գործարքի կազմակերպիչը: Գալիս ենք նրան, որ Հայաստանը պետք է նախ և առաջ հարաբերությունը ՆԱՏՕ-ի հետ խզեր` անվավեր ճանաչելով բոլոր պայմանագրերը և անդամակցությունը այդ կառույցին: Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրեաս ֆոգ Ռասմուսսենը սեպտեմբերի 5-6-ին կժամանի Հայաստան: Կրկին տարօրինակ զուգադիպում:
Հաջորդը գալիս է Հունգարիան, որտեղ նախ և առաջ մեծ թուրքական համայնք կա, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ այդ ասպեկտից հօգուտ Հայաստանի դժվար թե որոշում կայացվեր, և լավ միջնորդի դեպքում էլ մի քանի միլիարդը չէր խանգարի երկրի կառավարությանը: Ինչ վերաբերվում է Հունգարիայի հետ հարաբերությունների խզմանը, ապա սա ասես մեծ տերությունների խաղ էր, որով Հայաստանին մի քանի միլիարդով կարողացան տարբեր աստիճանի հարվածներ հասցնել: Նախ այն, որ խզեց հարաբերությունները Եվրոպական Միության երկրներից մեկի հետ, հետո կորցրեց շատ կարևոր դատավարություն, որով հայ ազգի հանդեպ հերթական բռնություն իրականացնողը պետք է պատժվեր միջազգային ատյանում: Մի քանի միլիարդով Ալիևը երկու նապաստակ բռնեց: Իսկ ի՞նչ կլինի մեր 30.000 հազարանոց համայնքի վիճակը, ովքեր արդեն 10-11 դար ապրում են Հունգարիայում և փորձում մնալ հայեցի, ունեն եկեղեցի, դպրոց, թերթ, քաղաքական գործիչներ: Ի՞նչ է լինելու նրանց վիճակը: Ովքեր նույնպես դարձան միլիարդների զոհ:
Հաջորդիվ գալիս ենք ԱՄՆ-ին: Երկրի նախագահի մասշտաբով դատապարտվեց Ալիևի ցինիզմը և Հունգարիայի վաճառված լինելու հանգամանքը, սակայն կրկին առաջ է գալիս ՆԱՏՕ-ի հարցը, մի՞թե բոլորս էլ չգիտենք, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի պետական մեքենայից սնվող կառույց է, ով ինչպես վերևում ասացինք, մեղավորության մեծ բաժին ունի հանցագործությունը կոծկելու հարցում, քանզի անձամբ չի միջամտում իր իսկ կազմակերպած միջոցառմանը տեղի ունեցած մարդասպանության գործին: Այսինքն, ԱՄՆ-ի սրտաճմլիկ հայտարարությունները գրոշ անգամ չաժեն, պարզապես խաղի կանոններով են առաջնորդվում:
Իսկ ո՞ւր մնաց Ռուսաստանը: Մեր բարեկամից շշուկ անգամ չի լսվում: Համաշխարհային հանրությունը քննադատում է Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և Ալիևի` նրան արձակման քայլի մասին, իսկ Ռուսաստանի Դաշնությունը` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ լռում է: Ինչո՞ւ չի որևէ հղում, հայտարարություն կամ գոնե մի երկու խոսք ասում մեր եղբայրական երկիրը, որի համար ինչ ունենք տալիս ենք: Մի՞գուցե Պուտինի մատն էլ է խառը այս հանցավոր գործում: Չէ՞ որ ադրբեջանական փողերը ռուսաստանյան տարբեր հարթություններում մեծ հարցեր են լուծում: Իսկ ինչո՞ւ բացառենք այս տարբերակը: Այդ երկրից դեռ ոչ մի լավ բան չի տեսել մեր երկիրը, ով արդեն 100 տարի է չի կարողանում ազատվել Ռուսաստանի լծից:
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն իր հնացավոր համակարգով ու նավթային դոլարներով կրկին լուծեց իր հարցերը: Չնայած ոչ վաղ անցյալից էլ հիշում ենք, որ փողով իրենք, միևնույն է, չեն կարողանում ամեն հարց լուծել, հատկապես հայ ժողովրդի հետ կապված հարցերը: Արցախյան պատերազմում էլ դա ակնհայտ էր վարձու զինվորների օրինակով, ովքեր այդպես էլ չծառայեցին վարձատրող երկրի համար: Եվ ի՞նչ, մի՞թե հիմա այդ մի քանի միլիարդը լուծեցին Ալիևի ծրագրած քայլերը: Միգուցե տեսականորեն այո: Բայց մինչև ե՞րբ է միջազգային հանրությունը լռելու այս երկրի գազանային հատկանիշների համար, մինչև ե՞րբ է թույլ տալու, որ այս երկիրն ու իր հանցագործ նախագահը, ազատ քայլեն աշխարհի վրա ու հենց այդ նույն գերհզորներին մի քանի կոպեկով գնեն: Ո՞վ է այս ամենի վերջը դնելու: Մի՞թե թույլ ենք տալու, որ թշնամին մարսի այս վայրագությունը:
Իսկ Եվրամիությո՞ւնը: ԵՄ-ն նույնպես լռում է և թույլ տալիս` կոռուպցիան , առն ու ծախը, դատական համակարգի անարդացիությունը արմատանան իր սահմաններում: Հենց նրանք պետք է առաջինը դատապարտեին Հունգարիային, որ նման քայլ է ձեռնարել և հանցագործին հանձնել Ադրբեջանին` քաջ գիտակցելով, թե ինչ տեղի կունենա: Իսկ Եվրոպան փորձում է ողջ աշխարհին սովորեցնել իր ճշգրիտ ու արդարացի դատական համակարգի մասին հեքիաթները և իրենց քաղաքակրթության մակարդակով փորձել առաջ անցնել մյուսներից: Ակնհայտ կեղծիք է:
Վերջապես հասանք Հայաստան: Մի երկիր, որի համար Սաֆարովի ազատ արձակումը սառը ցնցուղ էր, և որը տեսականորեն ոչինչ չէր կարող անել այս ամենի դեմն առնելու համար: Մի պարզ պատճառով` փողի: Հայաստանյան բյուջեն չի կարող իր ծախսերի 45 տոկոսը տրամադրել Սաֆարովի գլուխը կտրելու համար: Մի՞գուցե հիմա փորձենք շարժվել համաշխարհային ստանդարտներով և մուտք գործենք այդ առ ու ծախի մեջ, մի քանի միլիարդով հետ գնենք մարդասպանին: Մի կողմից թասիբի հարց է Սաֆարովի վերջը տալը, մյուս կողմից էլ ցավ, որ կրկին թույլ տվեցինք, որ մեզ մորթեն:
Միգուցե ժամանակն է սթափվելու և գերհզորների կուտերին զոհ չդառնալու: