Սերժ Սարգսյանը պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, Հովհաննիսյանը Սարգսյանին, մեկը իքս դրեց, մյուսը՝ խաչ և այդպես շարունակ: Ի՞նչ է շահելու հայ ժողովուրդը դրանից: Հովհաննիսյան-Սարգսյան «երկխոսությունը» կարծես ամեն օր իր գույնն ու բովանդակությունը փոխում է, կոչերն ու խոստումները նույնպես փոփոխվում են, միայն դեմքերն ու դեպքերի զարգացումները կարծես չեն փոխվում: Իհարկե, գովելի է, որ իշխանությունն ու ընդդիմությունը, ճիշտ է, չեն զլանում միմյանց հետևից չարախոսել, բայց միևնույն ժամանակ փորձում են փոխշահավետ համագործակցել: Կրկին ժողովուրդն այստեղ շահելու ոչինչ չունի, բայց պայքարում է: Այս պարագայում նույնիսկ կարևոր էլ չէ՝ ում հետ է պայքարում, կարևորն այն է, որ պայքարի մղումն ու լավ ապրելու, հայեցի կյանք վարելու ցանկությունը չի մարել: Իրականում ոչ մի կողմն էլ հայ մարդուն չի խոստանում այդ ամենը, միայն հավատացնում է, որ լավ է լինելու, բայց ի՞նչը: Սարգսյանը, դառնալով նախագահ, այս անգամ ստիպված է բարեփոխել արդեն գրեթե անբարեփոխելի բաները: Երկրում իրավիճակը սոսկալի է, տնտեսությունը, սոցիալական վիճակը, ներքին ու արտաքին քաղաքականությունը, նույնիսկ մարդկային հարաբերությունները: Ագրեսիան, բարխումները, ընտանեկան մեծ ու փոքր խնդիրները, հասարակության տարբեր շերտերում գաղափարական բախումները, սրանք բոլորը բացահայտ են դարձնում երկրում տիրող, ցավոք, սարսափելի մթնոլորտը: Սարգսյանը պետք է ու պարտավոր է ամեն մի իրավիճակ օգտագործի դուրս գալու համար այս ամենից: Ինքն անձամբ նշում է, որ երկրում բնակչության շուրջ 1/3-ն աղքատ է, իհարկե եթե խորը ուսումնասիրենք երևի ավելի մեծ չափերի կհասնի աղքատության մակարդակը, սակայն սարսափելի է, որ 2 մլն-ից մի փոքր ավելի բնակիչ ունեցող Հայաստանում ապրողների գրեթե կեսը աղքատ են: Էլ ինչ տնտեսական աճի մասին կարող է խոսքը գնալ: Ինչպե՞ս ուրախանանք Եվրոպաներից եկած անիմաստ զեկույցների վրա, որոնք բնավ էլ լավ ցուցանիշներ չեն նկարում Հայաստանի համար: 0 տնտեսություն: Այսինքն կառավարությունը 0 ուղեղ ունի, որ տնտեսությունն այսքան «փայլուն» վիճակում է, չնայած ներսում շատ կլինեն հաշվապահներ, ում համար 0-ներն ամենևին ամաչելու թվեր չեն, պարզապես թիվ են, որով նույնպես կարելի է հաշիվ փակել: Տնտեսության զրոյականացմանը նպաստում է հանքարդյունաբերությունից ստացվող չնչին շահույթները, այնպես չէ, որ շահույթ չկա, իրականում այդ գումարները մի քանիսի գրպանն են մտնում, ասենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահույթն աճել է 12.7 տոկոսով՝ կազմելով 22 մլրդ դրամ, իհարկե, սրանք պաշտոնական տվյալներ են, հնարավոր է իրականում թվերն այլ լինեն, եթե այս գումարը չմտներ միայն մի երկուսի գրպանը կարող էր մի քանի հազար աղքատների կյանքը փոքր ինչ բարելավեր: Նույնը կատարվում է նաև ոսկու հանքարդյունաբերության մեջ: Սրանք տարրական հաշվարկներ են, որ կարող են բարելավել հայ մարդու կյանքը: Մի՞թե Սարգսյանը կամ Հովհաննիսյանը պատրաստվում են վերացնել այս մենաշնորհային դաշտը, որ Հայաստանում գործում է ամեն մի ոլորտում: Իհարկե նշեցի հանքարդյունաբերությունը, մնացյալ բոլոր ոլորտներում իրավիճակը նույնն է: Հայաստանն այնպիսի բնակլիմայական պայմաններ և ստեղծագործ հասարակություն ունի, որ կարող է իր ներսում ամեն ինչ արտադրել, ստեղծել զարգացնել: Բայց այսօր այդ ամենը չկա, որովհետև իբր թե շահավետ չէ մեր երկրի ներսում որոշ գործարաններ, որոշ մշակաբույսեր, տեխնոլոգիաներ արտադրելը: Ինչո՞ւ, որովհետև ձեռնտու չէ մեր որոշ հարևաններին, որ մենք ներսից զարգանանք, դա կխոչընդոտի մեզ վրա ճնշում գործադրելուն: Իսկ արդյո՞ք չունի այսօր Սարգսյանն այդ ճնշումից խուսափելու պայմաններ: Հայաստանը կարող է արտադրել բամբակ, շաքար, ավտոմեքենա և այլն, բայց չի անում: Միայն ներքին զարգացման շնորհիվ կարող ենք ձերբազատվել այս կապանքներից, բայց դեռ աչքներս դուրսն է, դեռ Եվրոպայի ու Ռուսաստանի ողորմությանն ենք սպասում: Իսկ Եվրոպան չի էլ փորձում մեզ օգնել, հակառակը՝ ամեն օր ավելի է ծանրացնում պահանջները, իրենց ողբալի դեմոկրատիան քիչ էր, հիմա էլ պահանջում է Մեծամորի ատոմակայանի շուտափույթ փակումը: Իսկ ի՞նչ վիճակում է այսօր Եվրոպական Միությունն իր երկրներով, որ մեզ էլ խելք է սովորեցնում: Եվրոպայի ծաղկումը մի քանի տասնամյակ տևեց, այսօր այն փլուզման ճանապարհին է և հաշված տարիներ են մնացել: Ռուսաստանից ի՞նչ ենք ակնկալում: Այո, իհարկե բոլորը շեշտում են, որ մեր ռազմավարական գործընկերն է, մեր թևն ու թիկունքն է, առանց Ռուսաստանի ինչ կանենք: Ճիշտ է, Ռուսաստանն այսօր Հայաստանյան կապի ու հեռահաղորդակցության գրեթե բոլոր միջոցներն իր ձեռքն է առել, կանգնած է մեր սահմանների վրա և մեծ ազդեցություն ունի Բաղրամյան 26-ի վրա, բայց կարող է նույն այդ Բաղրամյան 26-ում նստածը խույս տալ այդ ճնշումներից և ճիշտ ռազմավարության պարագայում դուրս գալ այդ ազդեցությունից: Իսկ մի՞թե կանի Սարգսյանը:
Հայ մարդու զարգացմանն ու ճիշտ պայքարին խանգարում է նաև ագրեսիան ու թշնամանքը: Ցավոք, մեր հասարակության ամենացավալի հատկությունը իր իսկ եսից այն կողմ չտեսնելն է: Բոլորս մեր իսկ խնդրից այն կողմ չենք կարողանում տեսնել ու գնահատել իրականությունը: Իհարկե, սոցիալականն ու նյութական արժեքների գերկարևորումն է դրա պատճառը, ինչը հայ ժողովրդի մոտ ձևավորվեց հատկապես վերջին հարյուրամյակում, երբ հոգևորն ու ոգեղենը ստորադասվեցին նյութականից: Սակայն պետությունը անձնական խնդիր չէ ու պետք չէ պետական ու համազգային խնդիրը նայել սեփական պրոբլեմի ասպեկտից: Այսինքն՝ մենք պայքարի ենք դուրս գալիս, քանի որ մեր բարեկամի բարեկամին թալանել են կամ ամուսինս գործ չունի կամ ինչ որ մեկին դժբախտ դեպք է պատահել: Պետությունը ավելի մեծ գաղափար է, ազգային պայքարը, գաղափարախոսությունը ավելի վեհ են, քան անձնական չնչին խնդիրները: Պայքարը միայն սոցիալական հողի վրա չպետք է լինի, մենք պետք է պայքարենք մեր ազգայինի, մեր արմատների ու մեր հայրենիքի ազատության ու ամբողջության համար: Եվ այս համատեքստում նամակագրությունը, կեղծ մտքերն ու աթոռակռիվը երբեք չեն կարող մեզ համար մտածելու կամ պայքարելու թեմա դառնալ: Պետք է փոխել պայքարի ձևն ու գաղափարախոսությունը: Սարգսյանը՝ որպես ընտրված նախագահ, կարող է հայ մարդուն դուրս բերել այս կոտրված վիճակից, եթե իհարկե ցանկանա ու գործի: Բայց կանի՞:
Մի՞թե Սերժ Սարգսյանը կօգտագործի պահը
var addthis_config = {“data_track_addressbar”: true};