«Մայրի’կ ջան, արի գնանք բժիշկների մոտ ստուգման»

29

-«Մայրիկ ջան, արի գնանք բժիշկների մոտ ստուգման»..

-«Չէ, չէ, ինչ ստուգում, արի գնանք ակնոց տանք, պեսոկ տանք. Տո պետք ա փող էլ կտանք, մեր մայրիկին ես ինչ ա եղել»…

-«Ա’յ մայրիկ ջան, քեզ ինչ ա եղել, արի գնանք բջջային հեռախոս տանք»…

-«Տղուդ կասես վաղը ևեթ գա աշխատանքի 50000 դրամ աշխատավարոձով, հետն էլ տոկոսներ կտանք»…

-«Արի գնանք մեր գրասենյակ, քեզ լավ-լավ նվերներ կտանք, դու էլ ինչի գաս, մենք կբերենք»:

Թեև իրավիճակն առաջին հայացքից ծիծաղելի է թվում, բայց այդքան էլ այդպես չէ: Ահա այս կամ մոտավորապես այս իրավիճակն է տիրում ամեն նախընտրական աժիոտաժի ժամանակ: Այսպես, յուրաքանչյուրն ընկած դռնեդուռ, կարելի է ասել մուրացկանի պես ձայն է մուրում: Ով ասես, որ իր երեևակայության սահմաններում ու դրանից դուրս ինչ ասես չի մոգոնում: Դե քանի դեռ «վերացնելու ենք կաշառքը» նախընտրական ծրագիրը դեռ լիիրավ չի մտել իրավասության մեջ, ուստի կարելի է կաշառք` ընտրակաշառք բաժանել: Փող, շատ փող, ով ինչքան կարող է տալիս է, ինչպես ասում են. «Ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին»: Գիտեն, թե իրենք փողի դիմաց ամեն ինչ կանեն, մարդիկ էլ դրա փոխարեն կընտրեն: Հիմա էլ մեր «հնարամիտները» մտածել են կաշառքը փաթեթավորեն նոր բառով` նվեր: Իսկ նվիրել կարող են ամեն ինչ ու նույնիսկ առանց առիթի: Ասենք օրինակ ՕԵԿ-ի ամեն մի ձայնը արժե բջջային հեռախոս: Հավանաբար մտածել են, որ հենց նոր հեռախոսներով մարդիկ իրար կզանգեն ու քարոզչություն կանեն: Մյուսն էլ ակնոցները բաժանեց, ընթացքում տարավ տարբեր համայքներում մարդկանց կերցրեց-խմացրեց, փողն էլ կբաժանի ու իր ձայներն ապահովված են: ՀՀԿ-ն էլ ձեռքի հետ մարդկանց աշխատանք է տալիս` 50000 դրամ աշխատավարձով ու տոկոսներով: Դե մարդկանց աշխատանքի խնդիրն են լուծում` թեկուզ ժամանակավորապես: Ընտրությունների նախաշեմին ոչ միայն բուժվում են շատերը, այլև որոշում են ամուսնանալ, բազմանալ, չէ որ պայծառ ապագա ենք ունենալու, չէ որ միայն ընտրությունների ընթացքում կարող ես ամբողջ ընտանիքիդ ձայնով հարսանիքի սրահ վարձել: Եվ մի տեսակ Հայաստանում ընտրությունները ուրախ մթնոլորտ են ստեղծում իսկական քեֆ-ուրախության: Իհարկե, մնացած բոլոր կուսակցությունները ևս, անխոս, կմատուցեն իրենց նվերները, միայն թե պատգամավոր դառնան, համ էլ դա հո կաշառք չի, այլ նվեր: Ու այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ բոլոր կուսակցությունները հակառակորդի արածն ընդունում են որպես կաշառք, իսկ իրենցը` ոչ:
Բայց միգուցե կարելի է կտրվել այս նվերային իրավիճակներից, և հավանաբար կարիք կա, որ պատգամավորի երազած աթոռը զբաղեցնողները ավելի ուշադիր կարդան, իսկ եթե դա հնարավոր չէ, գոնե մեկին խնդրեն օգնելու նախընտրական ծրագիրն ընթերցելու հարցում, չէ՞ որ «կաշառքը պետք է վերացնել»: Բայց պետք է նաև հաշվի առնել Տիգրան Կարապետիչի տառապանքի փորձը, նա բազմաթիվ հեռուստացույցներ բաժանեց, շատերին Սևան տարավ, բայց նույնսիկ 5 տոկոսի շեմը չհաղթահարեց: Սա ոչ թե ի գիտություն, այլ ի հիշեցում:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};