Ձուկը գլխից է հոտել

21
Ձուկը գլխից է հոտել

Չաստ նայող, թայֆաներ, «լավ տղեք ու լավ, շատ լավ գեներալներ ու հրամանատարներ», մի խոսքով քրեական մթնոլորտ: Տողերս ընթերցելով երևի շատերը կարծեցին, թե որևէ հետաքրքիր հեքիաթի մասին է խոսքը, բայց սա է իրականությունը` դառը ու փաստացի բանակային կյանք: Զրուցակիցս նախկին ժամկետային զինծառայող է, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Ու չնայած ընդամենը 2 տարի է ծառայել բանակում, բայց գլխովն անցածը մի քանի տարում հազիվ կարողանա պատմել, ուստի որոշել է գիրք հրապարակել: «Բանակում էնքան բաներ են կատարվում, որ դրանց մի մասը նույնիսկ պատմելու չի: Կարճ կասեմ, եթե մի փոքր թույլ լինես` կորած ես: Կորած ես ասվածը մեղմ է ասած»,-ասում է նա:
Ու չնայած կարծես վախենում էր պատմել, բայց քանի որ անունը չի հրապարակվում, փոքր-ինչ սրտապնդվեց ու ասաց. «Բանակում էսօր պիտի թույլ չլինես, թե չէ գլխիդ գալիքը վատ ա: Սաղ օրը ծեծ ու ջարդի մեջ կլինես: Ինձ էլ էին ուզում կոտրած լինեին, բայց չստացվեց: Սաղ օրը մեր սպաները հույ-բույ էին անում, հետո խոսակցություն ունեցանք, թողեցին գնացին: Բայց կային ընդեղ տղերք, որ խուլ գյուղերից էին, սաղ օրը ծեծ ու ջարդ էր, էնքան էին ծեծել, խեղճերի մեջքները փորից փափուկ էին: Մի անգամ, մի հատ տղու ծեծեցին, ընենց արնաքամ էր ըլնում, բայց հետո գործը նենց սարքեցին, որ օրգանիզմից էր, հիվանդ էր, ինչ էր, բայց հո մեր աչքի առաջ էր, սաղ»:
«Ընդեղ սաղ իրանց դրել են սուտի գողականների տեղ, գիտեն թե օրենքը իրանց ձեռն ա մենք էլ իրանց ձեռի տակ»:
Զինվորի պատմելուց կարելի է ենթադրել, որ գողական մշակույթի կրողներն են այսօր ղեկավարում մեր զինվորներին, նրանց, ովքեր հայի սահմանն են պահում: Ու երևի տարեց տարի նրանց թիվը շատանում է, որ բանակում իրավիճակը կարծես լավանալու փոխարեն վատանում է ու դա ակնհայտորեն: Շատանում են զինվորների սպանութույնները, ծեծերը, բարձիթողի վիճակը, գողական նիստ ու կացը, կարծես ստրկատիրական բանակ լինի: Կարելի է եզրակացնել, որ այս պայմաններում յուրաքանչյուր զինծառայողի, ավելի ճիշտ` ժամկետային ծառայություն իրականացնողների կյանքը վտանգի տակ է: Բազմաթիվ են սպանության դեպքերը: Իսկ բացահայտումները` դեռևս մշուշոտ: Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ասում է, որ չեն էլ բացահայտվի, ու նրանք որոնք բացահայտվել են միայն թվացյալ է այդպես: Հարցին, թե ինչու չի բացահայտվում, նա ասաց. «Նախարարը, զին. դատախազն անընդհատ ասում են բացահայտվելու է, մենք այնպես ենք անելու, այսպես ենք անելու, ոչ մի բան էլ չեն անում: Բանակում միայն անպատժելիության մթնոլորտն է տիրում: Ընտրությունների ժամանակ, ձայն են տվել, հիմա էլ իշխանությունները աչք են փակում այս իրողությունների վրա: Մենք մի քանի գործ նայեցինք, որոնք իբրև բացահայտված էին, բայց իրականում դրանք մնում են չբացահայտված»,- և ավելացնում. «Բանակը շարունակում է մնալ կոռումպացված ու քրեական»:
Քրեական է թե ոչ, չգիտի հոգեբան Աննա Խաչատրյանը, բայց մի բանում հաստատ համոզված է` դժվար թե միանգամից այդքան զինվոր այնպիսի հոգեվիճակում հայտնվեին, որ ինքնասպան լինեին. «Ես խոսել եմ այդ զինվորների ծնողների հետ ու նրանք հավատացնում են, որ իրենց որդիների վարքի մեջ որևէ դրսևորում չի զգացվել, ուստի կարելի է ենթադրել, որ նրանց կամ դրդել են կամ սպանելուց հետո կախել»,-ասում է նա: Չի խոսել, բայց բազմաթիվ անգամ տեսել է գեներալներ, հրամանատարներ, սպաներ, ենթասպաներ:
Զինվորի մայր է զրուցակիցս, տիկին Գայանեի որդին ծառայում է արդեն մոտ 1 ու կես տարի: Ամիսը մեկ անգամ նրանք այցելում են որդուն տեսակցության: Համոզված է բանակում տիրող իրավիճակի մեղավորները հղփացած գեներալներն ու հրամանատարներն են, գողական սպաներն ու ենթասպաները, որոնք շրջում են հազարավոր դոլարներ արժողությամբ մեքենաներով, վայելում կյանքի բարիքները հարկ եղած դեպքում էլ` կարգադրում ծեծել այսինչ զինվորին. «Ընենց են զինվորի մոտով անցնում, ոնց որ ծառայի մոտով անցնեն, բա չեն ամաչում, բա զինվորը չի երկրի պատիվը, դեմքը: Ինչքան գնում եմ տղուս մոտ գալիս, քունս փախնում ա: Մի քանի տարի հետո էլ մյուս տղայիս ժամանակն ա, պիտի նենց անեմ չգնա ծառայության, էս ինչ բանակա ա, օրը մեկին սպանում են, օրը 100-ին ծեծում»,-ասում է նա:
Մահացած զինվորների մայրերը նույնպես պնդում են, որ իրենց որդիների հետ դաժան են վերաբերվել: Նրանցից մեկը պնդում է, որ իր տղան նորմալ է եղել, էլ ինչու է ինքնասպան եղել: Տիկին Գայանեն նաև պատմում է, որ ինքնասպանությունից մի օր առաջ խոսել է իր հետ, ասելէ, որ գողություն է տեսել, սակայն մայրը նրան զգուշացրել է, որ հեռու մնա. «Ասեցի գնա, ասա` ես ոչ մի բան չեմ տեսել»: Բայց մի օր հետո զանգել ու ասել են, որդին ինքնասպան է եղել:
Բանակում տիրող իրավիճակի պատճառը սպայական կազմում տիրող անպատժելիության մթնոլորտն է, թե ոչ զրուցակիցս չկարողացավ ասել, սա իհարկե հասկանալի պատճառներով, նա երկար տարիներ աշխատել է պաշտպանության ոլորտում, այսօր էլ անցել թոշակի: Չցանականալով ղեկավարության հետ ընդհարում ունենալ` չցանկացավ նաև հրապարակել իր անունը, չի ցանականում նաև հավատալ, որ մեր հայոց բանակում նման միջադեպեր են տեղի ունենում. «Զինվորին պիտի սիրես, պահես գլխիդ վրա, թե չէ նենց բաներ են բացահայտվում, որ չգիտես ինչ մտածես: Էն օրը զինվորի մոր հետ էի խոսում, ու նենց բաներ էր պատմում, որ մարմնովս սարսուռ էր անցնում: Չգիտես որին հավատաս, բայց երևի ճշմարտությունն էն ա, որ անպետժելիության մթնոլորտ ա ձևավորվել»,-ասում է նա:

Անպատժելիության մթնոլորտը վերացնելու հույսեր կան: Պաշտպանության նախարարությունում առկա կադրային փոփոխությունները գուցե դրական տեղաշարժ մտցնեն զինվորի կյանքում, այլ կերպ ասած` ավելի կքչանան ծեծերն ու սպանությունները, ստորացումներն ու իրար «փչացնելը»: Եվ այն էլ հասարակ կադրային փոփոխություններ չեն` լուրեր են պտտվում, որ համակարգի մի քանի բարձրագույն պաշտոնյաներ կհեռացվեն աշխատանքից: Ով գիտե, գուցե Սեյրան Օհանյանը հասկացել է, որ ձուկը գլխից է հոտում:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};