«Հայաստանը և հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն են տածում Լիբանանի նկատմամբ: Մեզ կապում է պատմամշակութային առնչություններն ու դարավոր բարեկամությունը»,- Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի ղեկավարին Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով ճանաչելու և լիբանանահայերի հանդեպ լավ վերաբերմունքի համար, որոնք բոլոր հնարավորություններն ունեն լիովին ինտեգրվելու Լիբանանի կյանքին:
Իր հերթին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հայտարարել է, որ Լիբանանը միշտ Հայաստանի կողքին կլինի նրա տակավին երիտասարդ պետականության կայացման գործընթացում:
Երկկողմ հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև մի շարք միջազգային խնդիրներ: Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը Լիբանանի հետ միջազգային կառույցներում: «Երկու երկրներն էլ փոքր են և ավելի արդյունավետ կդիմակայեն մարտահրավերներին միասին»,-ասել է նա, մասնավորապես նկատի ունենալով համագործակցությունը անվտանգության, մշակույթի ու էկոնոմիկայի ոլորտներում:
«Ես չափազանց լավատես եմ երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարների առումով և վստահ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կարձանագրենք համագործակցության էլ ավելի խորացում և ամրապնդում` ի հարատևություն մեր ժողովուրդների բարեկամության»,- ընդգծել է Սարգսյանը: