Նոյեմբերի 10-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Գլխավոր տնօրենն ողջունեց դեսպան Արման Կիրակոսյանին եւ իր գոհունակությունը հայտնեց ԱԷՄԳ հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Նա անդրադարձավ ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին:
Դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ բարձր գնահատեց կազմակերպության հետ Հայաստանի ունեցած համագործակցությունը: ՀՀ դեսպանն անդրադարձավ գործակալության հետ համատեղ իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերին, նոր էներգաբլոկի կառուցմանը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին: