Խոստանալ, զարկ տալ, խթանել, համոզմունք հայտնել, փոխել առկա իրականությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, հետևողական աշխատանքի արդյունք և այլն: Սրանք հսկայական ցուցակի ընդամենը մի փոքրիկ մասն է: Այն ցուցակի, որտեղ ընտրություններից ընտրություններ մարդիկ լսում են քաղաքական գործիչներից: Հիմա կրկին այդ ժամանակներն են, արդեն սկսվել է քարոզչությունը (թեև ոչ պաշտոնական), բայց պաշտոնյաները բառացիորեն խոսատնում են, աներևակայելի և սահմաններ չճանաչող «լավ ապրելու հնարավորություններ» ու երբեմն էլ անիրական թվացող իրողություններ: Այս ընթացքում պատգամավորության թեկնածուներն անգամ նարդի են գլորում իրենց բակում: Եվ օ,՛ զարմանք: Միայն թե մի ձայն ավելին վաստակեն: Իսկ դրա համար պատրաստ են ամեն ինչի` խաբելու, նվաստանալու, նվաստացնելու, անցնելու բացառապես բոլորի վրայով: Եվ բարեբախտաբար, թե դժբախտաբար, նրանց հավատացողները քիչ են, ու պատճառը մեկն է` տառապանքը փորձ ունի: Քանի որ շատ են լսել, թե կենսաթոշակը հասցնելու են նվազագույն սպառողական զամբյուղին, ապահովվելու են աշխատատեղեր, բարձր աշխատավարձ, գնանկում, տնտեսական ոլորտում բարելավելու են բիզնես միջավայրը, պայքարելու են կոռուպցիայի դեմ: Եվ ի՞նչ: Իհարկե՝ ոչինչ: Կրկին խաբված մարդիկ: Սակայն կա մի տրամաբական հարց. «Այդ ո՞նց է ստացվում, որ երկար տարիներ պատգամավորական աթոռը զբաղեցնողը, տառացիորեն չի կարողացել ստեղծել լավ պայմաններ ժողովրդի համար, բայց հենց նոր որոշել է, որ պիտի անի, միայն թե ընտրվի, ինչ գնով էլ լինի, ի՞նչ է մինչև հիմա խանգարող կար, թե՞ մինչև հիմա խելքը չէր հասնում»: Հարցը որքան էլ տրամաբական է, այդքան էլ անտրամաբանական, իսկ պատասխանը մեկն է «խաբում են»: Լավ, եթե մի պահ հավատալու լինենք մեր գործիչներին, ապա պետք է ոգևորվածությունից թռչկոտենք, համոզված լինենք, որ հենց վաղվանից լավ ենք ապրելու, ու կմնա միայն հարազատներին էլ հետ կանչել այլ երկրներից ու համոզել, որ գնան ընտրության, իրենց հետ էլ շատ-շատ ձայներ բերեն, չէ՞ որ վաղվանից «լավ ենք ապրելու»: Եվ սա, ունի բազմաթիվ բացասական հետևանքեր, որոնցից ամենմեծն ամոթն է: Ամոթ, որը բարեբախտաբար, պատգամավոր դառնալ ցանկացողները փողով չեն առնի: Սակայն ինչ իմանաս, ժամանակերը փոխվել են, ու հենց վաղվանից «լավ ենք ապրելու»:
Ինչ լավ է՝ ամոթը չեն վաճառում….
var addthis_config = {“data_track_addressbar”: true};