«Ազատ ձայն» լրատվականը նամակ է ստացել իր ընթերցողից՝ ի պատասխան մեր «ՆԱՏՕ-ի անտարբերությունը, գերտերությունների մութ գործարքներն ու Գուրգենի մահը» (http://armfvn.com/eng/news/1699) հոդվածի: Ներկայացնում ենք մեր ընթերցողի նամակը, որում մասնավորապես ասվում է՝
«Կարդացի Ձեր նյութը, որը վերաբերվում էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի բարբարոսաբար սպանությանը և դրա հետ կապված քաղաքական առ ու ծախին և չեմ կարող չգրել իմ անձնական ուսումնասիրությունները, որոնք գուցեև թվան խիստ և միակողմանի: Դուք բազմակողմանիորեն քննարկել էիք և տվել հարցեր, որոնք վերաբերվում են ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ աշխարհին դաս տվող և «խաղաղությունը» պաշտպանող հիմնական ուժ հանդիսացող ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին: Անդրադառնալով համաշխարհային կառույցներին` առաջին հերթին կուզեի նշել, որ մեզ սովորեցնում են այն ճշմարտությունը, որ տարին տարու վրա համաշխարհային գերտերությունները և միջպետական հարաբերությունները դառնում են ավելի թափանցիկ, մարդասիրական ու ժողովրդավարական: Զարմանալի է, սակայն փաստ, որ այժմյան ՄԱԿ-ի նախատիպ «Ազգային Լիգա»-ն մերժեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության բոլոր դիմումները` ընդունելու իրեն Լիգայի շարքերը` պատճառաբանելով, որ Ադրբեջանը վիճելի տարածքների (այդպիսին էին համարվում` Ղարաբաղը, որն այն ժամանակ ուներ ավելի քան 10 հազար քմ/կմ և Նախիջևանը 6.6 հազար քմ/կմ էր) զավթման փորձեր է անում նաև զենքի ուժով փորձում է իր պատմական հողերից դուրս մղել հայությանը: 1988-1994թթ.-երին Ադրբեջանի իշխանությունները իրականացրել են բազմաթիվ ջարդեր նաև փորձել են զավթել հայկական պատմական հողերը: Չնայած դրան` ինչպես ՄԱԿ-ը, այնպես էլ Եվրախորհուրդը, իրենց դռները լայն բաց արեցին` ջարդերով և տեղական ժողովուրդներին ձուլելով պետություն ստեղծած Ադրբեջանին: Մենք, ցավոք սրտի, սովորել ենք ամեն մի քայլ բացատրել հաճախ հնացած ստանդարտներով: Այժմ էլ համաշխարհային հանրության վերաբերմունքը փորձում ենք բացատրել ադրբեջանական նավթի գոյությամբ: Ինձ թվում է, որ Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողական կեցվածքը ունի ավելի խորը, տարածաշրջանի համար վտանգավոր հիմքեր:
Հարավային Կովկասը և այստեղ բնակվող ժողովուրդները ունեն կարևոր ռազմաքաղաքական նշանակություն համաշխարհային քաղաքական զարգացումների մեջ: Այս տարածաշրջանը շարունակում է մնալ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք ճանապարհների խաչմերուկ: Ադրբեջանին տրված նվերը, եթե մենք նայենք վերջին իրադարձությունների ֆոնի վրա, կարելի է անել մի քանի եզրակացություններ: Օրեր առաջ տեղի ունեցավ Միջին Ասիայի թուրքալեզու հանրապետությունների` Թուրքմենիայի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների հանդիպումը Ադրբեջանի ղեկավարների հետ, որոնք որոշեցին ստեղծել միևնույն պետական խորհրդանիշները: Արդյո՞ք սա հիմնարար քայլերից մեկը չէ միասնական, հզոր տնտեսական պանթուրքիստական պետություն ձևավորելու համար: Եթե այդպես է, ո՞ւմ դեմ կուղղվի նորաստեղծ պետությունը, և ո՞ւմ շահերը նա կպաշտպանի: Բնական է, որ վառելիքային հարուստ պաշարներ ձեռք բերող այս երկիրը կշարունակի խորացնել իր լավ հարաբերությունները ԱՄՆ-ի և նրա կամակատար ՆԱՏՕ-ի հետ, որի բազաները արդեն գտնվում են այդ հանրապետությունների տարածքում: Դրանից հետո պարզ է նաև, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի թշնամիները կամ մրցակիցները կդառնան նաև նոր ձևավորվող պետության հակառակորդները: Առաջին հերթին դա կարող է լինել Իրանը, որի հյուսիսային տարածքների վրա բնակվող թուրքալեզու ցեղերը վաղուց զենք են դարձել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար, և ԱՄՆ-ը երբեք չի թաքցնում իր ծրագրերը, եթե չոչնչացնել, ապա գոնե մասնատել Իրանին: Հաջորդ հարվածը բնական է, որ ուղղվելու է Ռուսաստանի դեմ, որը, առաջ քաշելով Եվրասիական Միության ստեղծման ծրագիրը, փորձում է հավասարակշռել ուժերը` ընդդեմ Եվրամիության և ԱՄՆ-ի: Թուրքիան վաղուց հայտարարել է իր` առաջնորդ դառնալու ցանկությունը մեր տարածաշրջանում և ստացել ԱՄՆ-ի հավանությունը: Այս պայմաններում, երբ օր օրի Թուրքիան իր քաղաքական կշիռն է ավելացնում Մերձավոր Արևելքում նաև վաղուց Ռուսաստանի հարավում դարձել է տնտեսական ակտիվ գործիչ, առաջանում է հարց, արդյո՞ք 21-րդ դարում նորից համաշխարհային ուժերը չեն փորձում օգտագործել պանթուրքիստական խաղաքարտը, որը խիստ վտանգավոր է ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ քաղաքակրթության զարգացման համար: Որքան էլ փորձեն հայությանը ներկայացնել որպես փոքր ուժ, իրականում մենք ունենք տնտեսական, քաղաքական բավականին ազդու դեր, ինչպես Ռուսաստանի հարավում, Մերձավոր Արևելքում, այնպես էլ Բալկաններում: Բալկանյան երկրներում միշտ էլ հայության դերը եղել է շոշափելի և վերջին տարիներին նկատվում է նորից հայության դիրքերի ամրապնդում: Անհավանական չի կարող հնչել մեր այն կարծիքը, որ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և բացահայտ չերևացող այլ ուժերի իրականացրած քայլերը նպատակ ունեն նաև ստուգելու հայության զգոնությունը և դեպքերը ուսումնասիրելուց հետո փորձել մեզ չեզոքացնել Բալկանյան թերակղզուց, Ռուսաստանի հարավից, Իրանից և Արաբական երկրներից: Վերջինս այժմ իրականացվում է մեր աչքի առջև: Այս պայմաններում հայությունը և նրա առաջադեմ մտավորականությունը, իրականացնելով քայլեր, պարտավոր է հաշվի առնել մեր ազգային շահերը, մեր դարավոր և այժմյան կապերը` նշված տարածաշրջանի ժողովուրդների հետ, իհարկե, առաջին պլանում դնելով համայն հայության անվտանգությունը, միասնությունը և համահայկական շահերի ձևավորումն ու իրականացումը:
Երբ փորձում են սպանել լույսը, ակտիվորեն սկսում են գործել «հրեշները», որոնք, օրենք դարձնելով միայն բարաբարոսությունը, պատրաստ են հոշոտել մեկը մյուսին: Արևմուտքը որոշակի ժամանակ կարողացավ ցույց տալ և լինել հզոր, որովհետև գոնե աշխատում էր ձևական պաշտպանել իր իսկ ձևավորած սկզբունքները, դատարանը և համակարգը, որը կոչվում է ժողովրդավարական: Նահանջել այս սկզբունքներից նշանակում է իրենց իսկ ձեռքով փորել իրենց գերեզմանը, որն այժմ իրականացնում է Արևմտյան քաղաքակրթությունը, որովհետև եթե չկա կայուն համատարած օրենք, միակ օրենքը դառնում է բարբարոսությունը, և Գուրգեն Մարգարյանը դարձավ 21-րդ դարի այն նահատակը, որը պետք է զգոնության կոչ անի առաջին հերթին մեզ` հայերիս, և հետո մարդկությանը: Մենք գնում ենք մի ճանապարհով, որը մարդկությանը կշպրտի բարբարոսության, անարխիայի և մարդակերության դարաշրջանում»:
Գուրգեն Կարապետյան
Պատմաբան