Ա. Պեպանյան. Սեփական պատմությունը կեղծելը պատուհաս է դառնում սեփական ժողովրդի համար

80

«Ազատ Ձայն» լրատվականի հյուրն է գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, ով վստահ է, որ եթե մեր երկրի իշխանությունները շարունակեն նույն ոգով շարունակել, ապա կկորցնենք եղած պետությունն ու նորն ունենալու բախտ էլ չի վիճակվի:

-Պրն. Պեպանյան, քաղաքական աշունը սկսվեց ու բավական թեժ իրադարձություններով աչքի ընկավ, բազմաթիվ ձերբակալություններ, մեղադրանքներ, միջազգային պայմանագրեր, կուսակցական լեզվակռիվ, ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

-Սովորական գործընթացներ են: Պատրաստություններ մեծ, անկապ կռվից առաջ:

-Ո՞ւր կհասնենք, որ այսպես շարունակվի:

-Կկորցնենք եղած պետությունն ու նորն ունենալու բախտ էլ չի վիճակվի:

-Կա՞ն լուծումներ, բանալիներ, որոնք դուք նշմարում եք:

-Լուծում չունեցող վիճակ չկա հանրային կյանքում: Իրականությունը փոխել կարողանալու համար նախ հարկավոր է կարողանալ ճանաչել այն: Այստեղ մեր քաղաքական միտքը խիստ կաղում է: Իննսուն տարի առաջվա մեր մտավորականները իննսուն տարով առաջ են ներկաներից. նրանք և հիմնանդիրն են պարզել, և լուծում առաջարկել: Իսկ ներկա գործիչներն ալարում են հներին կարդալ, կարծես թե Հայաստանն իրենց հետ է ծնվել:

-Արդյո՞ք հայ մարդն այսօր կարիք չունի իր ինքնագնահատականի բարձրացման:

-Դրա պակասն է այժմյան վիճակի պատճառներից մեկը:

-Ի՞նչ անել դրան հասնելու համար:

-Ետ քաշել մեր իսկ պատմության վրայից հնամաշ վարագույրները:

-Հայաստանում կա՞ իրական քաղաքական ընդդիմություն:

-Դեռ չէ: Կա ընդդիմություն իշխանություններին, բայց չկա իրական լուծում ունեցող քաղաքական միավոր:

-Դաշտում տեսնո՞ւմ եք կոնկրետ մի քաղաքական ուժ, ով կարող է ժողովրդին իր ետևից տանել:

-Ետևից տանելը չի կարևորը, այլ այս ճահճից հանել կարողանալը: Դա շատ բարդ գործ է, որից գլուխ հանողներ դեռ չկան, քանի որ չեն ճանաչում ժողովրդին:

-Արդյո՞ք մեր ժողովուրդը մեղք ունի, նման երկիր ունենալու հարցում:

-Մի ժամանակ ունեցել է: Հիմա ինքը տուժող է: Հետևանքների հազարամյակն ենք թևակոխում:

-Անկախություն ասվածը այսօր մենք ունե՞նք:

-Անկախությունը սոսկ միջոց է, որպեսզի հանրությունը պարզի ինքն իր համար՝ ուզու՞մ է լինել անկախ:

-Առաջիկա ընտրություններից ի՞նչ սպասելիք ունեք, մի՞թե կրկին փողը կհաղթի:

-Մեր փրկությունը ընտրությունների միջոցով չի գալու: Մի որոշ ժամանակով հարկավոր է ժողովրդին զրկել ընտրելու իրավունքից, մինչև քաղաքական միտքը տա որոշ հարցերի պատասխանները, ի մասնավորի՝ ինչ է կատարվում իրականում Հայաստանում և ինչու:

-Վերջին շրջանի իրադարձություններին հետևելով` ի՞նչ եզրահանգման եք գալիս, որքա՞ն հեռու կարող են գնալ մեր երկրի ղեկավարները:

-Որքան ասես:

-Հավատո՞ւմ եք, որ նախագահի խոսքը գործ կդառնա:

-Ընդհանրապես մեր նախագահների համար կա երկու ճանապարհ. բարոյական մահը` մեծ կամ շատ մեծ փողեր հետը տանելով, կամ Տիգրան Մեծին հավասար փառք՝ հասարակության խնդիրները լուծելով: Նախկին երկուսը առաջին ուղին են ընտրել: Հիմա Սերժ Սարգսյանի ընտրության հերթն է՝ թող որոշի, թե որ ճանապարհով է գնում:

-Պրն Պեպանյան, պատմությունից ի՞նչ դաս պետք է քաղենք, որ երբեք չենք քաղում:

-Չենք քաղում հետևյալ դասը՝ սեփական պատմությունը կեղծելը պատուհաս է դառնում սեփական ժողովրդի համար:

-Այսօր ո՞վ է հայը, ի՞նչ դեր ունի, մի՞թե ճիշտ են մտքերը, թե մենք փոքր, աննկատ ու անպետք երկիր ենք և ծերացող ազգ:

-Հոռետեսների հորինած մտքեր են: Մյուս կողմից էլ դա հրահրվում է դրսերից երկա՜ր տարիներ: Ցույց տվեք հային, թե ով է եղել ինքը ժամանակին, և վերափոխման գործի կեսն արած կլինեք:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};