Քոչարյանի մեղքերն այնքան շատ են

12

Վարչապետի երկարաշունչ հարցազրույցի հետևանքները մինչ օրս շարունակում է քննարկվել, իսկ նախորդ տարվա դեկտեմբերյան գազային պայմանագրերը տարբեր պաշտոնյանների միջև վիճաբանության և ժողովրդին հաճոյանալու միջոց են դարձել:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը թերևս ամենաբուռն էր և շատերի համար զարմանալի: Նախ այն, որ Քոչարյանը քննադատում էր իր թևի տակ մեծացրած վարչապետին, հետո մեղադրում ներկա իշխանություններին ժողովրդին խաբելու մեջ՝ մոռանալով, որ ներկա իշխանության սերուցքն իր հետ է հասել ներկա իավիճակին, հետո քննադատում Գազպրոմին 40 տարով ստրուկ դառնալու հանգամանքը: Առաջին հայացքից Քոչարյանի քննադատությունները ժողովրդի սրտից են, քանզի ժողովուրդն էլ է զգում, որ մինչև 2043 թիվը ստրուկ դառնալը սարսափելի է, որ Ռուսաստանին այդքան շատ արտոնություններ են տրվում, որ իրենց խաբել են և այլն: Սակայն մի՞թե Քոչարյանը իրավունք ունի իր իսկ բերած թիմից դժգոհել, ովքեր շարունակում են իր սկսած գործը: Քոչարյանն ինքը դեմ չէ Հայաստանի ռուսաֆիկացմանը, ինքն էլ այդ հարցում մեծ ներդրումներ է ունեցել, բայց որ քննադատում է՝ գլուխ գովելով, որ իր ժամանակ ամեն ինչ հիասքանչ էր ու երկնքից մանանա էր թափվում, բոլորս գիտենք, որ այդպես չէ: Որ իբր բնակարանաշինությունն իր օրոք արդյունավետ էր ու մեծ ծավալներ ուներ, իսկ այսօր ոչ, որ հիպոթեկային վարկերն այն ժամանակ խելքին մոտ էին, իսկ հիմա խելքից դուրս: Սրանք Գյուլնազ տատի հեքիաթներից են: Քոչարյանի կառավարման տարիներին ժողովուրդն ապրում էր շատ վատ,ինչպես այսօր, հիպոթեկային վարկերը միջին խավի համար անհասանելի էին, ինչպես այսօր, բնակարանների գները նույն սարափելի չափերի էին հասնում, ինչ հիմա: Քոչարյանը ներկա կառավարությանը մեղադրում է ժողովրդին պարտքի տակ գցելու մեջ, մի՞թե իր օրոք մենք պետական պարտք չունեինք: Քոչարյանն իրեն սրբացնում է՝ մոռանալով, թե ինչպես և ում հետ է եկել իշխանության, որ Մարտի 1 է իրականացրել ներկա վարչակազմի հետ միասին: Ներկա վարչակազմի հետ միասին թալանում է երկրի հանքավայրերը և շարունակում սնվել նույն կերակրամանից: Տիգրան Սարգսյանին մեղադրում է, որ վերջինս անհույս է, բայց մոռանում է, որ իր օրոք Տիգրան Սարգսյանը ԿԲ նախագահ էր երկար տարիներ և երկրի գլխավոր դրամատան հարցերն էր լուծում իր հետ միասին:

Քոչարյանն իր այս քայլով առաջին հայացքից ասես թիկունքից խփում է իր նախկին թիմակիցներին, մի՞գուցե փորձում է օգնել Սերժ Սարգսյանին ազատվել վարչապետ Սարգսյանից: Բայց եթե փնովում է կառավարությանը, ապա փնովում է նաև նախագահին, ով չի պահանջում կառավարության հրաժարականը: Սա մի՞գուցե ներքին գժտություն է, կամ իմիտացիա է, որով փորձում են ժողովրդին հաճոյանալ, ավելի արդարացի և ժողովրասեր երևալ: Մի՞գուցե մտադիր են այսպես իրար հայհոյելով և ժողովրդին քծնելով Հայաստանն ամբողջությամբ հանձնել, չնայած որ հանձնել են արդեն: Համենայն դեպս, այս հեռակա վիճաբանություններից լավ հոտ չի գալիս, ետնաբեմում ինչ-որ բան հաստատ կատարվում է: Չէ՞ որ Քոչարյանի մեղքերն այնքան շատ են, որ բարի հրեշտակի նրա զգեստն այդպես էլ չի համապատասխանում իր չափսերի հետ: