Քառյակի 12 քայլերը հանուն իշխանության

27

«Հրաշալի» քառյակի 12 կետանոց պահանջներն արդեն հանձնվել են իշխանության դատին: Կարելի է միանգամից արձանագրել, որ այս 12 կետերից և ոչ մեկը չի դառնա իշխանության դժգոհության պատճառ, քանզի այստեղ արծարծված պահանջներին իշխող վերնախավն այնպիսի դիվանագիտական ֆոկուս կանի, որ հրաշալի քառյակի 12 կետը մի կետի կվերածվի, ինչպես տեսանաք ՍԴ-ի որոշումը կենսաթոշակների հետ կապված: Գ. Հարությունյանը 60 էջ կարդաց, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ: Մի բան պարզ է, որ ընդդիմության պահանջներին սպասող ժողովուրդը սպասում էր իրական ընդդիմության և ոչ թե իշխանությանը սպասարկող կառույցի:

Հիմա փորձենք քննության առնել այդ 12 կետերը: Այս կետերում չկա Հայաստանին առաջիկա վտանգներից փրկելու որևէ գաղափար: Քառյակը Հայաստանի համար հույժ կարևոր հարցրերն անտեսում է՝ շեշտը դնելով բոլորին հայտնի երևույթների վրա: Ինչու-ի մասին վերջում:

Այն, որ քառյակը պահանջում է «Պարտադիր կենսաթոշակայինի» «պարտադիր» բաղադրիչի հանումը, գանձված գումարների վերադարձը, մի փոքր զավեշտալի է, քանզի բազմահազար քաղաքացիներ մինչև քառյակի քառյակացումն արդեն պահանջում էին այդ կետերը, իսկ այդ ժամանակ քառյակցիները չէին էլ սատարում քաղաքացիներին, մինչև որ տեսան աջակցությամբ դիվիդենտներ կշահեն:

Քառյակն առաջարկում է գյուղացիներին ավելի շատ սուբսիդավորում, գյուղացիների արտարժութային վարկերը վերածել դրամային վարկերի, գյուղացիներին ժամկետ տալ վարկային չմարած պարտավորությունները մարելու համար՝ ազատելով նրանց տուգանքներից: Նշենք միայն, որ գյուղացիներին նման բարձր տոկոսով վարկեր էին տալիս դեռևս այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ էր, սակայն այս կուսակցության և ոչ մի անդամ այն ժամանակ չխոսեց բարձր տոկոսների ու գյուղացիների ծանր վիճակի մասին: Արդեն 10 տարի է, ինչ գյուղացին այդ վարկերի ձեռքը կրակն է ընկել, տուն է կորցրել, ուրիշ անշարժ գույք է կորցրել և նորից մնացել տոկոսի տակ: Իսկ այդ սուբսիդավորումը, բնավ, պետությունը անհատ գյուղացիներին չի տրամադրի, կտա մեծ հողատերերին ու գործարարներին, ովքեր նույն իշխանության, ու ինչու չէ, քառյակի մաս են կազմում: Հասարակ գյուղացին կրկին կմնա տաշտակի առաջ:

Քառյակի մյուս անիրատեսական պահանջը ներկա իշխանությանը, ով արդեն իսկ կուտակել է 5 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտք, «Նաիրիտի» վերագործարկումն է: ԱԺ քառյակը քաջատեղյակ է, որ Նաիրիտի համար տրամադրված միլիոնավոր դոլարները մսխվել են, և այնքան պարտք է կուտակվել Նաիրիտի ֆոնի տակ, որ ոչ ոք չի պատրաստվում ներդրումներ անել Նաիրիտի վրա, եթե իհարկե, միլիարդեր Գագիկ Ծառուկյանը քառյակից չի որոշել անհատույց գումար շնորհել Նաիրտի կառուցմանը: Թերևս այս կերպ ավելի մեծ օգուտ կտար քառյակը, քան անհեռատեսական պահանջներ ներկայացնելը:

Քառյակի պահանջները մեկը մյուսից հետաքրքիր են, իհարկե, նրանցում առկա զավեշտի շնորհիվ: Եվ ամենահետաքրիր կետը իններորդն է, որով առաջարկվում է վերացնել տնտեսական մենաշնորհները և ազատ տնտեսական գործունեությունը երաշխավորելու մեխանիզմներ ստեղծել: Քառյակը խոսում է մենաշնորհներից, երբ քառյակի որոշ ուժեր մենաշնորհային դաշտում առաջատարի դիրք են զբաղեցնում:

Հերթը հասավ վերահսկողությանը: Ինչո՞ւ է ուզում ընդդիմադիր դաշտը վերահսկող դառնալ: Մի՞թե խելամիտ առաջարկ է: Եթե իշխանությունն իրենց տա վերահսկողությունը, այդ դեպքում տեղերով կփոխվեն: Մի՞թե սա չի նշանակում, որ գումարելիներն ուզում են տեղափոխվել:

Եվ իհարկե, ամենակարևոր կետը տասներկուերորդն է, որով քառյակն իրեն դիմակազերծում է՝ պահանջելով չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

Այո՛, քառյակը խոսում է ինչ-որ օդում պտտվող միջազգային համաձայնագրի մասին՝ չնշելով ոչ մաքսայինի, ոչ էլ նոր ձևավորվող Եվրասիական տնտեսական միության մասին: Քառյակը խոսում է Արցախի և Հայաստանի միասնական տնտեսական ռեժիմի փոփոխության մասին՝ չշեշտելով մաքսակետ դնելու հնարավորությունը, Արցախի մեկուսացումը: Քառյակը չի խոսում Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, որ Արցախը Հայաստանի մաս չէ: Քառյակը չի խոսում Ս. Սարգսյանի կառավարման ու իշխող կուսակցության վայրագ քաղաքականության մասին, չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, չի դժգոհում ռուսական լծի տակ մտնելուց, չի բողոքում ՀՀ արտաքին քաղաքականությունից: Չի խոսում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման կանխման մասին: Եվ ի վերջո, իշխանությանը չի պարտադրում լրջորեն վերաբերվել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ուղղությամբ տարվող քաղաքականությանը:

Կարելի է եզրակացնել, որ քառյակն ուզում է անձնական սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում ժողովրդի փրկչի անունի տակ: Ուզում է՝ իրենք էլ ավելի շատ մտնեն մենաշնորհի դաշտ, ավելի մեծ քանակով մտնեն ԱԺ, ավելի շատ վերահսկողություն ունենան, ոչ թե ժողովրդին պաշտպանելու, այլ սեփական միջոցները բազմապատկելու, անձեռնամխելիությունը ֆիքսելու և, ի վերջո, իշխող աթոռը զավթելու համար: Այլ հարց է, թե քառյակն իր ներսում որքան ազնիվ է և որ խմբակցությունն, ինչի համար է պայքարում, այլ կերպ ասած, այդ 12 կետերից որը, ում ջրաղացին է ջուր լցնելու: Մի բան պարզ է՝ Հայաստանում միայն ընդդիմություն դարձողներն են հաշվել սովորում: Երբ ընդդիմություն են, արդեն սկսում են կարոտել մենաշնորհը, երբ ընդդիմություն են, արդեն տեսնում են ՀՀ պարտքերը, կարողանում են լավ բազմապատկել ու գումարել և նույնիսկ 5 տարի հետոի վնասները ներկայացնել, իշխելու ժամանակ հաշվել ոչ ոք չգիտի:

Ընդդիմությունն ու իշանությունը ծառայում են նույն ուժերին և ձգտում են իշխանության, հենց իշխանության հասնելու ճանապարհին են բողոքում, հանուն ժողովրդի բողոք չկա: Հայաստանն այն բացառիկ երկրներից, երբ երկրի քաղաքական դաշտում զութ իշխանությունն է գործում, ընդդիմության իսպառ բացակայությամբ: