Քաջարանի միջադեպի 3 մասնակցի դատարանն ազատ է արձակել․ Քննչական կոմիտե

12

Երեկ Կապանի ոստիկանության կողմից ձերբակալված երեք անձինք՝ Լևոն Համբարձումյանը, Մարատ Ստեփանյանը և Խորեն Միրզոյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։ Դատարանը ոչ իրավաչափ է համարել նրանց անազատության մեջ պահելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

Դեռևս պարզված չէ Երևանում ձերբակալված չորրորդ անձի՝ Աշոտ Պապյանի վերաբերյալ դատարանի որոշումը։ Նրա մասով ևս նախաքննական մարմինը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեռևս հայտնի չէ միջնորդության ճակատագիրը։

Հիշեցնենք, երեկ Քննչական կոմիտեն տեղեկություններ էր հայտնել շաբաթներ առաջ Քաջարանում այս անձանց մասնակցությամբ միջադեպից։ Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։