168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն և Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչպես են ընտրվել Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի արարողության մասնակից կազմակերպությունները, փորձել է նաև պարզել՝ գնումներն ինչ ընթացակարգով են տեղի ունեցել և որքան գումար է ծախսվել միջոցառումների կազմակերպման համար:
Եվ այսպես՝ Երևանի քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառման իրականացման համար ծախսային մասը կազմել է 16.580.000 հազար դրամ, որից 7.500.000 հազար դամը հատկացվել է համայնքային բյուջեից:
Մնացորդային 9.080.000 հազար դրամը, հաշվի առնելով նշված միջոցառման բովանդակության և ձևաչափի փոփոխությունը, միջոցառման մասնակիցների և տեխնիկական հագեցվածության ծավալների ավելացման անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ Երևան քաղաքի բյուջեով նախատեսված և փաստացի իրականացված ծախսերի տարբերության փոխհատուցման խնդրանքով:
Երևանի քաղաքապետարանի պատվերով իրականացված մշակութային միջոցառման համար այլ աղբյուրներից գումար չի ստացվել:
Երևանի քաղաքապետարանից նաև հայտնել են, որ իրենց պատվերով իրականացված մշակութային միջոցառման ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից գնման ընթացակարգով, հետևաբար՝ մրցույթ չի անցկացվել:
Միջոցառումն իրականացնող ընկերության ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով նախկինում նմանատիպ միջոցառումներ (մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված) կազմակերպած և իրականացրած ընկերության աշխատանքային խմբի մասնագիտական փորձառությունը:














