Տաշիր ընկերությունների խմբից տեղեկացնում են, որ խումբը պայմանագիր է ստորագրել Ինտեր ՌԱՕ-ի հետ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվները գնելու վերաբերյալ: Կառավարությունն արդեն հավանություն է տվել գործարքին:
«Գործարքն արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից և ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո: Կողմերը նաև պայմանավորվածության են հասել առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն կշարունակեն ողջ ծավալով կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները»,- ասված է «Տաշիր գրուպի» տարածած հաղորդագրության մեջ:
«Տաշիր գրուպ» ընկերությունների խումբը ամբողջությամբ ընդունում է իր պարտավորվածությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կառավարելու հարցում»,- հայտարարել է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքով` ընկերությունը նպատակ ունի օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև ուժեղացնել դրա ֆինանսատնտեսական գործունեությունը, արդիականացնել բաշխիչ ցանցերի սարքավորումները:
«Հայաստանի բնակչությանն օժանադակելու նպատակով որոշում է ընդունվել սեփական միջոցներից` ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով հաջորդ մեկ տարվա ընթացքում փոխհատուցել 2015թ-ի օգոստոսի 1-ից տեղի ունեցած սակագնի բարձրացման տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար»,- նշել է Սամվել Կարապետյանը:














