Ստիպված ենք լինելու կեղծ լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահներին. Արսեն Թորոսյան

8

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ «կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաեւ դավադրության տեսություններին հավատացողների թիվը»։
«Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։

«Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» եւ նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, ովքեր նաեւ «կարծիք են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Նման կարծիքները նաեւ լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից:

Չենք ուզում, որպեսզի մեր բնակչությունը կորցնի զգոնությունը եւ եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ եւ չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետեւում եւ ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին։

Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ մեր հայրենակիցներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել, հետեւել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը, ինչպես նաեւ կոչ ենք անում, որպես հավաստի տեղեկատվության աղբյուր հետեւել պաշտոնական լրահոսին», – ասել է նախարարը: