Սարգսյանի համար ցավոտ թեմա է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը

30

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինական Clarin պարբերականին։ ՀՀ Նախագահի խոսքով՝ Հարավային Ամերիկա կատարած իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը նշվելու է 2015թ.-ի ապրիլին։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաև ԼՂ հակամարտությանը: Ստորև ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից.

-Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանը չվերադարձնի Լեռնային Ղարաբաղը։ Այս պահին իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը։

– Մենք չենք բացառում ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի։ Նա, իրոք, մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, սակայն դա հաղթանակ չի երաշխավորում։

-Հայաստանի ձգտումը  միանալ Մաքսային միությանը, որը գլխավորում է Ռուսաստանը, պայմանավորվա՞ծ է արդյոք ուժեղ դաշնակցի որոնումներով, ով կպաշտպանի Հայաստանը հնարավոր ագրեսիայից:

-Այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նոր փաստ չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ ենք դարձել, և այս տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ համաձայնագրեր ենք կնքել։

-Այո՛, բայց Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է մատակարարել …

-Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կկարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կատարի ստանձնած պարտավորությունները։