Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դրական է գնահատում Շվեյցարիայի կառավարության որոշումը բողոքարկելու` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը:
Առողջապահության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը: Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասսայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, և մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը մենք եղանք: Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը»:
Նախագահը հավելեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս պետք է որոշում կայացնի գործն իր վարույթ ընդունելու մասով, այնուհետեւ քննի ըստ էության: «Բայց մենք վստահ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար եւ չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել»,- ընդգծել է Սարգսյանը:











