Ռուսաստանում աշխատանք որոնողներն ու կուշտ փորով որբերը

30

Հայաստանում ՌԴ դեսպանատան միգրացիոն հարցերով զբաղվող աշխատակից Սվետլանա Ստեպանովնայի խոսքով՝ ՌԴ-ում միգրացիոն օրենքներում փոփոխությունները կատարվում են ոլորտի կարգավորման համար: Բոլորս էլ լսել ենք, որ ՌԴ-ում միգրանտների համար աշխատելու պայմանները փոխվել են, կարգն ավելի է բարդացել, թղթաբանության նոր գործեր են բացվել, ինչը շատ է վրդովեցել հայաստանցի միգրանտներին:

Պաշտոնական թվերի համաձայն 2013թ. Ռուսաստան է մեկնել Հայաստանի 670 հազար քաղաքացի, ինչը 20%-ով ավելի է 2012 թվականի համեմատությամբ: Իսկ 2013թ.-ին մերժվել է 23 հազար ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններից հետո Հայաստանից մերժում ստացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 31 հազար: 

Ինչո՞ւ ենք բոլորս այդքան անհանգստացած Ռուսաստան մեկնողների մերժում ստանալու համար: Ինչո՞ւ: Հիմա բոլորը կպնդեն, որ սա այն խավն է, որ մեկնում է օտար ափերում հացի խնդիր լուծելու, ընտանիքի հարցերը լուծելու, երեխաներին կրթության տալու, ամուսնացնելու, խնդիրներ, որոնք են արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական պատճառները: Հետո կասեք, որ Հայաստանում գործ չկա, ինչը միանշանակ է, եկրի իշխանությունները արդեն դանակը ոսկորին են հասցրել, դա էլ չեմ ժխտի: Նույնիսկ կավելացնեմ, որ ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ կան Հայաստանում: Այս խնդիրների փաթեթը առկա է մեր երկրում, և նույնիսկ կույրի համար էլ սա պարզ է: Բայց սարսափելի է, երբ ամբողջ օրը պրոպագանդում ենք միգրացիան, արտագնա աշխատանքը, Ռուսաստանի թելադրած կանոնները, սովորեցնում ձևերը տույժ-տուգանքներից ազատվելու: Սա անհասկանալի է: Վերոնշյալ 670 հազար հայաստանցուց քանի՞ տոկոսն է ընտանիքով մեկնել ՌԴ, քանիսն են կարողանում ստանալ այդքան երազած գումարները, որ ընտանիքին ուղարկեն: Սա մեծ հարց է: Ռուսաստան մեկնում են հիմնականում շինարարական աշխատանքներ և մեքենաներ վարելու համար: Այստեղից ոչ ոք չի մեկնում օտար ափերում բիզնես հաջողելու, մեծ գումարներ հայրենիք բերերլու համար, բոլորը կոպեկներով են աշխատում: Ասենք ամսեկան աշխատավարձը մոտ 200-300.000 դրամ է կազմում, որից պետք է հանեն բնակվելու, սնվելու գումարը, և մնացածը ուղարկում են տուն՝ Հայաստան: Հայաստան հասնում է չնչին գումար, որն այլևս բավարար է միայն կոմունալ հոգսերը հոգալու համար, կրթություն ստանալը դառնում է անհնար նույնիսկ արտագնա աշխատող հայրիկ ունենալու պարագայում: Աստիճանաբար գալիս ենք նրան, որ ընդհանրապես ՌԴ արտագնա աշխատելու մեկնողների գնալն իմաստ չունի, քանզի այդ չնչին փողերը կարող են նաև Հայաստանում վաստակել, ինչն իրենք անհնար են համարում: 

Նորություն չի լինի, որ ասեմ արտագնա մեկնողի ընտանիքն այստեղ թերի է: Երեխաները մեծանում են առանց ծնողի, ինչն արդեն հոգեբանորեն և գաղափարապես ազդում է այդ երեխայի վրա: ՌԴ-ում գումար վաստակողի համար, ով Հայաստանում ընտանիք է պահում, ժամանակն ու տարածությունը բազում խոչընդոտներ են առաջացնում՝ իր իսկ ընտանիքի հետ հարաբերվելու համար: Հիմա կասեք այսօր կապի միջոցներն այնքան շատ են, ոչ, անձնական շփման, ընտանեկան ջերմության պակասությունից մարդիկ միմյանց հանդեպ սառում են, նույնսիկ հայրն ու որդին: Սարսափելի է, բայց փաստ է: Որքան ընտանիքներ են խեղվել, երբ արտագնա աշխատանքի մեկնածները ետ չեն վերադարձել ընտանիք, այնքան շատ են օրինակները: Իսկ օտար ափերում գումար որոնողներից շատերը նաև դարձել են դժբախտ պատահարների զոհ, այս դեպքերն էլ են բազմաթիվ: Զոհ ասվածը բազմանշանակ է, քանզի այդպես էլ չենք կարողանում իմանալ, թե իրականում ինչի զոհ դարձան՝ հայկական, թե ռուսաստանյան իրականության: Այսօր բոլոր մեկնողները զոհեր են, ովքեր եթե նույնիսկ գիտեն էլ, թե ուր են գնում գումար վաստակելու, միևնույն ,է անհայտություն են գնում, միևնույն է, ընտանիքները կիսվում են, միևնույն է, երեխաները կուշտ փորով որբեր են: 

Անիմաստ է պրոպագանդել մի բան, ինչը չարիք է, ինչը խաթարում է երկիրը պահող հիմքը՝ ընտանիքը: Չմոռանանք, որ պետությունը ձևավորվում և գոյատևում է միմիայն ընտանիքների շնորհիվ: