Ռուսաստանը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փոխարեն պատրաստվում է նոր ռազմաբազա կառուցել Ադրբեջանում, տեղեկացնում է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը:
Տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին Ադրբեջանում կսկսվի «Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման աշխատանքները: «Վորոնեժ» կայանը կկառուցվի 18-23 ամսվա ընթացքում:
«Վորոնեժ» կայանի կառուցումը շարունակվում է ոչ միայն Ռուսաստանում (Պեչորա ու Մուրմանսկ): Ծրագրվում է, որ 2017 թվականին կսկսվի շինարարություն նաև Ադրբեջանում՝ Գաբալայի «Դարյալ» ռադիոտեղորոշիչ կայանի փոխարեն: Նոր կայանը լինելու է բացառապես ռուսական ենթակայության տակ, որը թույլ կտա փակել այն հատվածները, որտեղ չի հասնում Արմավիրի ռադիոտեղորոշիչ կայանը»,- ասվում է տեղեկատվության մեջ:
«Վորոնեժ» կայանները ավելի լուրջ ռադիոտեղորոշիչ կայաններ են, որոնք նախատեսված են բալիստիկ ու թևավոր հրթիռների հայտնաբերման ու ուղեկցման համար: Հաղորդվում է, որ այն կարող է միաժամանակ վերահսկել մինչև 500 օդային օբյեկտ:














