Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս լուծել շատ հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների ընթացքում, հայտնում է TASS-ը:
«Ձեր այցը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի՝ մեր երկիր կատարած այցից համարյա անմիջապես հետո: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն սպեկտր, որը ներառում է բոլոր ոլորտները: Եվ նշվել է, որ մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս լուծել երկկողմ օրակարգի շատ-շատ հարցեր, ինչպես նաև հարցեր՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ»,- ասել է Ալիևը:
Ալիևը շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում դիտարկվել են հարցեր՝ կապված ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտներում համագործակցության հետ:
Շոյգուի այցի շրջանակներում Ալիևը նշել է, որ «մանրամասն կքննարկվեն հետագա համագործակցության հետ կապված հարցեր»:














