Պուտինը չափել է Ս. Սարգսյանի վախը

22

Բոլորն անհամբեր սպասում էին Հայաստանի կողմից հնչեցված արձագանքին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ: Եվ ահա հնչեց այդ սպասված պետական արձագանքն անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, որն իրականում արձագանք չէր, պարզապես երևույթի արձանագրում և ողջամտության կոչ, որում ոչ մի գնահատական չկար: Բայց ի՞նչ պետք է ասեր Սարգսյանը: Բոլորը կարծես քննադատության էին սպասում, բայց ինչո՞ւ: Հայկական կողմի արձագանքն այս ուղղությամբ շատ կանխատեսելի էր: Ո՞վ չգիտեր, որ Հայաստանը չի չքննադատի Ռուսաստանի կողմից զորքերը Ղրիմ մտցնելու հանգամանքը, ո՞վ չգիտեր, որ Սերժ Սարգսյանը չէր քննադատելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը, Սարգսյանն անգամ չէր էլ խոսելու ԵՄ-ի և ԱՄՆ-ի դերակատարության մասին, հենց այդպես էլ եղավ: Ասենք Սարգսյանն ինչպե՞ս էր Պուտինին քննադատելու, երբ Պուտինի ձեռքի տակ է գործում և վերջինիս շնորհիվ է շատ հարցերում «հաջողում»: Ինչպե՞ս էր քննադատելու Սարգսյանը Պուտինին զորքերը Ղրիմ մտցնելու համար, երբ 1988թ-ից սկսվող Ղարաբաղյան շարժման առաջին իսկ վայրկյանից ռուսական բանակը Հայաստանում ազատ շրջում էր, երբ Արցախյան ազատամարտի տարիներին ռուսական տանկերը ողջ Հայաստանի երկայքնով շարժվում էին, բոլորս էլ հիշում ենք Երևանի Սասունցի Դավթի կայարանի դեպքերը, Գրողների միության շենքի պայթյունը նույն ռուսական բանակի կողմից: Մի՞թե ռուսական բանակի ներկայությունն այդքան զարմանալի կլիներ Սարգսյանի համար: Դժվար թե: Հետո Սերժ Սարգսյանը մի՞թե  դժգոհելու էր Պուտինի վարած քաղաքականությունից: Եթե Սարգսյանը ի վիճակի լիներ իր դժգոհությունը հայտնելու կամ ընդդիմանալու՝ դեռևս Սեպտեմերի 3-ին, երբ ակնհայտ ճնշումների ներքո ասոցացումից շեղվեց դեպի Մաքսային Միություն, երբ նույն տարվա մարտյան ասուլիսում այս միությանը միանալն անհնարին էր համարում: Եթե Սարգսյանը Պուտինին կարողանար ընդդիմանալ, դեկտեմբերի 2-ին այդքան ստորացուցիչ ձևով չէր ընդունի Պուտինին Գյումրիում՝ Պուտինի ռամաբազայում: Ահա և հասանք ճիշտ նշանակետին: Խոսվում է, որ Ղրիմի տարածքում  տեղակայված է ռուսական Սևծովյան նավատորմը, որտեղ էլ արագորեն Պուտինը մտցրեց տանկեր, և ահա Գյումրիի 102-րդ ռազմաբազան հենց Հայաստանի սրտում, որն օր օրի վերազինվում է նոր զինտեխնիկայով, ի՞նչ եք կարծում, Սարգսյանն ի՞նչ էր ասելու:

Իսկ Ուկրաինայում տիրող իրավիճակն, իրավամբ,  Հայաստանի համար դժվար թե վնասակար չլինի: Նախ այն, որ Ռուսաստանը նույնիսկ այս խառը պահին վայրկյան անգամ չի կորցնում վերջնականապես հաստատելու Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հարցը: Ոչինչ չի խնայում հարցը արագորեն լուծելու համար: Զարմանալի չէ: Այս պարագայում Հայաստանը Պուտինի համար հաղթանակած տարածք է և Հայաստանին իր բռում պահելու միջոցով, թերևս, ՌԴ նախագահը կասեցրեց Եվրոպայի և ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան: Պուտինի համար այս պարագայում Հայաստանը զութ տարածաշրջանում բալանս պահելու տարածք է, ոչինչ ավելին: Նշանակում է՝ Ռուսաստանի ուշադրությունը ոչ թե շեղվելու է մեր երկրից, այլ ավելի սևեռուն է լինելու մեր հանդեպ, հատկապես Ուկրաինական դեպքերից հետո:

Ուկրաինան նույնպես տարածաշրջանը Եվրոպայից և ԱՄՆ-ից զերծ պահելու տարածք է: Արևմուտքը տասնամյակներ շարունակ աչք ունի Ուկրաինայի վրա, և ինչպես տեսնում ենք ջանք ու եռանդ չի խնայում նպատակին հասնելու համար: Սա արդեն այլ թեմա է:

Մյուս կողմից Ուկրաինայում տիրող իրավիճակը կարող է վնասել մեր տնտեսական վիճակին, ներկրման-արտահանման առումով, հայտնի է, որ հսկայական չափերի է հասնում Հայաստանից Ուկրաինա և հակառակը տեղի ունեցող առևտրաշրջանառությունը:

Իսկ ամենասարսափելին այն է, որ և՛ Հայաստանը, և՛ Ուկրաինան զոհն են գերտերությունների նկրտումների, համաշխարհային հսկաների հաշվարկների, սակայն երբեք պետք չէ նույնացնել այս երկու երկրները: Միայն մի բան. Ուկրաինայում ապրում են խախոլներ, թաթարներ, ռուսներ, հրեաներ և այլն: Եվ պարզապես ավելացնեմ, որ Պուտինը հաճախ է խոսում, որ պայքարում է ոչ միայն Ուկրաինայում ապրող ռուսախոս հանրության համար, այլև շեշտում է պայքարն ընդդեմ հակասեմականության, սա հենց այնպես չի ասվում, Ղրիմում հրեաները մեծամասնություն են կազմում, էլ չասենք Օդեսան: Սա ի միջի այլոց:

 Իսկ Ռուսաստանը ամեն ձևով արևմուտքին հասկացնում է, որ ոչ Հայաստանի, ոչ Ուկրաինայի հարցում միանշանակ չէ որևէ բան և աշխարհում բևեռների քանակն ավելացել է ի դեմս նույն Ռուսաստանի: