Պետդեպը գաղտնազերծել է Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման շուրջ անցկացված ԱՄՆ 2 դիվանագետների բրիֆինգը

19

ԱՄՆ պետքարտուղարությունը գաղտնազերծել է Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հադիպումից հետո պետքարտուղարության 2 բարձրաստիճան պաշտոնյաների (ում անունները չեն բացահայտվում) կողմից տրված բրիֆինգի մանրամասները: Ստորև ներկայացնում ենք սղարգրությունը կրճատումներով:

Պաշտոնյաները ներկայացնելով պատմությունը՝ նշում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կողմերը շուրջ 350 զոհ են տվել: Նշվում է, որ հանդիպման խնդիրն էր համոզվել, որ կողմերը հավատարիմ են մնում 1994թ. զինադադարի համաձայնագրին, ինչպես նաև մշակել վստահության ամրապնդման որոշակի միջոցառումներ։

Ըստ պաշտոնյայի՝ ռուսներն են նախագահներին հորդորում ձգձգել բանակցություններն ու համաձայնությունը։

Պետքարտուղարության բարձր ներկայացուցիչներն ասում են, որ նախագահները միմյանց հետ բանակցելուց չեն հրաժարվում՝ շեշտելով, որ կարևոր խնդիրները, որ պետք է լուծվի, դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ 

Հարց է բարձրացվել նաև այլ երկրների կողմից ճանաչման մասին, և պաշտոնյաները նշել են, որ այլ երկրներ դեռ չեն ճանաչել Ղարաբաղը, Հայաստանում այդ հարցը բարձրացվել է, սակայն փոքրամասնություն կազմող ընդդիմության կողմից, և չունի լայն օժանդակություն, իսկ Ադրբեջանն այս հարցն ընկալում է որպես պատերազմի հայտարարություն։

Ռուս խաղաղապահների տեղակայմանը վերաբերող հարցը ևս քննարկվել է: Նշվում է, որ կողմերից ոչ մեկն այդ գաղափարին կողմ չէ։ Ինչ վերաբերվում է քառօրյա պատերազմից հետո տարածքային փոփոխություններին՝ պետքարտուղարության պաշտոնյան ասում է, որ ադրբեջանցիները այն համարում են շատ կարևոր ձեռքբերում և մեծ ռազմական հաղթանակ, իսկ հայերն ասում են, թե մի քանի հարյուր մետրը էական չէ։

Մանրամասնվել է նաև դիտորդների հարցը։ Նշվում է, որ Ադրբեջանը դեմ է այս միջոցառումներին, դեմ է ցանկացած միջոցառման, որը պահպանում է ստատուս քվոն, և այս բանակցությունների նպատակն է նաև Ադրբեջանի մոտեցումը փոխելը։

Ըստ պետքարտուղարության ներկայացուցչի՝ «Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի շուրջ տարածքների նկատմամբ վերահսկողություն վերցնելն է, Հայաստանի համար խնդիրը կարգավիճակն է»։