Պետբյուջեից 15 մլն դրամ՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» պաստառների համար

219
Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` հանրային բաց եւ փակ տարածքներում դիմակ կրելն արտակարգ դրության պարետի որոշմամբ մայիսի 18-ից դարձել է պարտադիր: 

Որպեսզի հանրությունը սկսի դիմակներ կրել ամենուր, կառավարությունը ստիպված էր դիմել ամեն քայլի՝ էլ անձամբ դիմակ կրել, դիմակ բաժանել և ի վերջո, դիմակ կրելու պաստառներ փակցնել ամենուր:

Եվ ահա հարկատուների հաշվից շուրջ 15 մլն դրամ է վճարվել Երեւանի ու մարզերի փողոցներում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսով պաստառներ փակցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Գնումների պետական համակարգից:

Այդ պաստառները պատվիրելու եւ փակցնելու համար վարչապետի աշխատակազմը տպագրական աշխատանքներով զբաղվող հինգ ընկերությունից առանց մրցույթի ծառայություններ է ձեռք բերել՝ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով:

15 մլն դրամի զգալի մասը բաժին է հասել «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ-ին: