Ում թերացումն էր, որ համավարակը հատեց տարեցների տան ու մանկատան սահմանները

7

«Համավարակը հատեց տարեցների տան ու մանկատան սահմանները. ո՞րն էր պատճառը, դա ում թերացումն էր և ինչպես են հիմա այդ հաստատությունների շահառուները: Եթե դիմակ չկրելու համար քաղաքացին տուգանքի է ենթարկվում, ապա այս դեպքում ի՞նչ պետք է արվի»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

«Դեռևս փետրվարից մենք հրահանգներ ենք տվել բոլոր փակ տիպի հաստատություններին՝ տուն-ինտերնատներ, խնամքի տներ, մանկատներ, քրեակատարողական հիմնարկներ, բանակ և այլն, տեղում միջոցառումներ իրականացնելու համար, որպեսզի նվազեցվի այն ռիսկը, որին կենթարկվեն այդ փակ հաստատությունները: Սակայն 100 տոկոսով բացառել դա, բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ, քանի որ մարդիկ, միևնույն է, պետք է գնան տուն, գան: Դժբախտաբար ունենք երկու նման օջախ՝ մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը: Մանկատան մասով ասեմ, որ այս հիվանդությունը երեխաների համար ավելի քիչ վտանգավոր է: Հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ մշտական բժշկի ներկայությամբ և կարիքի դեպքում նոր հոսպիտալիզացիա արվի:
Տուն-ինտերնատի մասով սկզբի մի քանի օրերը նույն ձևով էինք աշխատում, մինչեւ պարզեցինք բոլոր վարակված անձանց: Սակայն հետագայում այն քաղաքացիները, որոնք հիվանդանոցային բուժօգնության կարիք ունեին տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ թեթևները՝ հյուրանոցներ: Շուտով կունենանք դուրս գրումներ»,-ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: