ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ամեն ինչ արվելու է՝ բացահայտելու նախկինում ընտրակաշառքի, կեղծարարության բոլոր դեպքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործին:
Նա շեշտեց, որ պետք է հասկանան՝ արդյոք ՀՀ-ում ընտրակաշառք բաժանվե՞լ է, թե՞ ոչ: «Հիմա միակ ցավոտ բանը, որը կարող եմ նշել, այն է, որ այս պահի դրությամբ միայն այդ դեպքն է բացահայտվել: Բայց որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ մնացած բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են: Այս դեպքը, ի դեպ, բացահայտվել է մեր կառավարության անդամի հետ կապված քրեական հետապնդման շրջանակում: Այսինքն, չի եղել կոնկրետ գործ կոնկրետ կուսակցության, կոնկրետ անձի հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից հնչող տեսակետներին, թե Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ պատգամավորը շեշտեց, որ հեղափոխությունից հետո իշխանության առնվազն 3 բարձրաստիճան ներկայացուցչի հետ կապված քրեական գործեր կան, որոնք այսօր ընթացքի մեջ են: «Դա նույնպե՞ս հատուկ սարքված է, քաղաքական հետպանդու՞մ է: Եվ այդ գործերից մեկի ընթացքում ի հայտ են եկել տեղեկություներ, քննչական մարմինը պետք է ասեր՝ եթե դա վերաբերում է ԱԺ պատգամավորին, դնենք մի կո՞ղմ»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը, թե Ծառուկյանի գործը անմիջականորեն կապված է նրա՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի՝ Սիմոնյանը նշեց, որ քրեական գործը եղել է հարուցված շատ ավելի շուտ, քան եղել է Ծառուկյանի հայտարարությունը:











