Ես շարունակելու եմ աշխատել: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, որի լիզորությունները ըստ սահմանադրական փոփոխությունների, այսօրվանից դադարել են:
Հարցին՝ մտահոգություն չունի արդյոք, որ իրեն կարող են ուժով հեռացնել, ինչպես է կարգավորվում հարցը, տիկին Գյուլումյանը նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով. «Որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռեւս շարունակում ենք աշխատել:
Դատարանում, երբ որեւէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտարարությունները ոչ իմ, ոչ էլ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն»,-ասաց նա:











