Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման:
Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա դիտարկվում է նաև հոսպիտալացման անհրաժեշտութունը: Այս մասին նշված է մայսի 25-ին՝ Առողջապահության նախարարության կողմից արված հայտարարության մեջ։
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ թեստավորման կրիտերիաները նույնպես հստակեցված են, և որևէ մեկը ուղղակի, կամայական թեստավորման չի ենթարկվում. «Թեստավորումը տրվում է պոլիկլինիկայի ցուցումով, երբ համապատասխան ախտանիշներ են ի հայտ գալիս, որը թեստավորելու հիմք է ծառայում։ Իսկ ուղղակի, կամայական որևէ մեկին թեստավորում չի կատարվում։ Նորից եմ կրկնում, որ մեն ինչը կարգավորվում է նախարարի հրամանով, որը թե՛ հրապարակել ենք մեր կայքում, թե՛ տեղեկացրել ենք հանրությանը»:
Նիկողոսյանն ընդգծեց, որ տանը բուժվող վարակակիրները իրենք պետք է կապի մեջ լինեն պոլիկլինիկայի բժշկի հետ։














