Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվեց Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը: Ժողովը պիտի քննարկի և որոշումներ կայացնի Մկրտության ծեսի և սրբադասման կանոնի և այս համատեքստում` Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի: Բայց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ելույթը կարևորվեց հատկապես եկեղեցու ներսում այսօր տիրող իրավիճակի քննադատությամբ. «Եօթերորդ դարուն Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոս Վարդավառի տօնին խորապէս կը վրդովի ի տես եկեղեցիէն ներս կատարուող աններդաշնակ ծիսակատարութեան: Այս դառն փորձառութիւնը, Հայրապետը կը մղէ գումարելու Դուինի երկրորդ ժողովը, 648–ին, և հաստատելու շարք մը կանոններ հայ եկեղեցւոյ ծիսական, բարոյական ու դաւանաբանական մարզերուն առնչուած: Եթէ այսօր Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկինքէն իջնելով շրջէր մեր եկեղեցիներէն ներս, վստահաբար դարձեալ պիտի ընդվզէր տեսնելով մեր եկեղեցւոյ պարզած վատառողջ վիճակը…»,- ասել է կաթողիկոսը:
Ներսես կաթողիկոսն, ի ուրախություն եկեղեցու սպասավորների, երկնքից չի իջնի, այլ միայն այնտեղից կտեսնի, թե ներսում ինչ է կատարվում, բայց ներքևում եղածներս ևս պետք է անմասն չմնանք այդ ներսի իրավիճակներից: Իրոք, այսօր եկեղեցին չի փայլում աստվածապաշտությամբ, երբ պարզապես նայում ենք վերջին շրջանում տեղի ունեցող իրավիճակները Տեր Նավասարդ Կճոյանի հետ կապված, նույն կաթողիկոսի շուրջ շրջանառվող լուրերը: Արամ Առաջինը հենց այնպես չի նշում ներսի կեղտի մասին: Նա էլ է տեսնում, որ եկեղեցին զութ շինարար ու բիզնեսմեն է դարձել: Արամ Առաջինը չի կարող չտեսնել, որ եկեղեցու հայրերը օֆշորային սկանդալների գլխավոր հերոս են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը արբեցած զրուցում է Վրաստանի կաթղիկոսի հետ, որ եկեղեցու կողքին հյուրանոցային համալիր է կառուցվում, որ կաթողիկոսի երիտասարդ տարիների վերաբերյալ բուռն դեպքեր են բացահայտվում: Սակայն Արամ Առաջինին միշտ չէ, որ հնարավորություն է տրվում այդչափ անկեղծանալու և հայտարարելու, որ եկեղեցին պետք է ազգային լինի: Այո, այսօր մեր խնդիրը հենց կայանում է դրանում, որ մեր եկեղեցին ազգային չէ, որ Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգն այդպես էլ չկարողացավ եկեղեցին իր ազգային շահերի համար ծառայեցնել: Բայց մինչ վերևներում խրախճանք է ներքևինների համար առավել քան տոն է: Ցավով, կարող ենք արձանագրել, որ եկեղեցին դարձել է կիրակնօրյա հավաքատեղի և ընդհանրապես ցանկություն չունի խառնվել հասարական հարցերին: Եկեղեցին զբաղվում է միայն իր անձնական խնդիրներով, որոնք զութ շինարարակառուցողական բնույթի են: Ամենուր կառուցվում են հայկական եկեղեցիներ, բայց արդյո՞ք դրանք ծառայում են հային: Ասենք օտար ափերում գտնվող եկեղեցիները միայն կիրակի օրերին են հայ համայնքի համար գործում, մնացյալ օրերին վարձակալման տակ են, և ասենք հնդիկները կարող են հավաքվել մեր եկեղեցու ընդունարանում ու ինչ-որ միջոցառում անցկացնել: Մի՞թե Աստծո տունը կարելի է խրախճանքի վերածել: Եկեղեցին նաև բիզնես միջավայր է: Օրինակ ԱՄՆ-ում, եթե ուզում ես երեխայիդ մկրտել, առնվազը 1000-2000 դոլար պետք է ունենաս, որ երեխադ դառնա Քրիստոնյա: Չէ՞ որ օտար ափերում հայ մնալու համար, ամեն մի հայ առաջինը ծեծում է հենց եկեղեցու դուռը, և առաջինն ուզում է մկրտվել, ամեն կերպ գոնե քրիստոնեաբար հայ մնալ, բայց ի՞նչ: Եթե գումար չունես եկեղեցին քեզ վրա դուռը կփակի: Մի՞գուցե շատերը նեղվեն, որ ես բարձրաձայնում եմ այս իրողությունները, բայց մի՞թե սոսկալի չէ, որ եկեղեցին արդեն 1700 տարի մեր կողքին է, բայց առաջին իսկ օրվանից ազգային չի դառնում: Ինչո՞ւ: Պատասխանը կա, սակայն խոցելի կլինի շատերիս համար, այդ իսկ պատճառով թողնում ենք առաջիկայում, բայց միգուցե փորձենք ինչ որ բան անել: Եկեղեցին ունեցել է շատ կաթողիկոսներ, ովքեր, իրոք, հայի կողքին են եղել, նույն 1890-1915 թվերին, շատ եկեղեցականներ հայի կողքին էին և ինքներն էլ պայքարում էին, բայց նրանք քիչ էին ու այսօր էլ քիչ են: Եկեղեցու հանդեպ հայի զգացողությունները թուլանում են, որ կաթողիկոսի մասին նման լուրեր է լսում և տեսնում, եկեղեցու հանդեպ հայը անտարբեր է դառնում, երբ շարքային սարկավագը վախեցնում է կուսակրոն դառնալով, եկեղեցու հանդեպ հայի վերաբերմունքը փոխվում է, երբ օտար երկրում օգնություն է խնդրում հայը հանուն իր երեխայի փրկության, և եկեղեցին մերժում է: Մի՞գուցե եկեղեցի և հայ կապը խզվում է այն ժամանակ, երբ առաջինը հովիվն է, իսկ երկրորդը՝ հո՞տը: Մի՞գուցե հենց հոտ ու հովիվ գաղափարախոսությունն է եկեղեցին դուրս մղում ազգային լինելուց: Դուք ձեզ տվե՞լ եք այդ հարցը….
Հ.Գ. Նշված բոլոր դեպքերն իրողություն են և ելնելով եկեղեցու շահերից՝ անուններ և կոնկրետ վայրեր չեն նշվում:














